Երգիչ Արամ MP3-ին և երգչուհի Իվետա Մուկուչյանը համատեղ համերգ կունենան Եվրոպայում՝ փետրվարի 21-ին և 22-ին Մարսելում և Փարիզում, մարտի 1-ին և 2-ին Բարսելոնայում և Վալենսիայում:
«Մենք դուետով Եվրոպայում հանդես չենք եկել, այս տարի աշնանը երկուսով համատեղ ունեցել ենք համերգ Միացյալ նահանգներում: Համերգից հետո շատ նամակներ էին գրում՝ ինչո՞ւ Եվրոպա չեք գալիս:
Սրանով որոշեցինք սկիզբ դնել ու հանդես գալ Եվրոպայի տարբեր քաղաքներում»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Արամ MP3-ին:
Անդրադառնալով տարիներ առաջ իրենց միջև տեղի ունեցած վեճի մասին խոսկցություններին՝ Արամ MP3-ին նշեց, որ իրականում վեճ չի եղել, եղել է խոսակցություն, որը վաղուց հարթվել է:
«Մամուլը շատ ուռճացված ներկայացրեց այդ ամենը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Եղել է զուտ տարաձայնություն, այսպես ասած՝ խոսակցություն, որից հետո համագործակցությունը պարզապես դադարեցվել էր:
Բայց այդ խոսակցությունը շատ արագ վերջացել է: Արդեն մի քանի տարի է անգամ «Դիմակահանդես» նախագծում ենք միասին երևացել:
Պարզապես, որպես համագործակցություն, սա առաջին տարին է, որ դուետով բեմում հանդես ենք գալու:
Թեման անիմաստ մեծ հնչեղություն ստացավ, որին այլևս չեմ ուզում անդրադառնալ»,- նշեց մեր զրուցակիցն ու հավելեց.
«Հուսամ լավ համերգներ ենք ունենալու, գիտեմ, որ մարդիկ շատ կարոտած են այս դուետով ելույթներին ու կարծում եմ հիանալի ելույթներ են սպասվում»,- ամփոփեց Արամ MP3-ին: