«Կաղամարի խաղը» սերիալի դերասանուհին մահացել է ստամոքսի քաղցկեղից

80 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Լի Ջու Շիլը, ով մարմնավորել է նախկին ոստիկան Հվան Ջուն Հոյի մորը «Squid Game»-ի երկրորդ եթերաշրջանում։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։

Ըստ լրատվական գործակալության՝ դերասանուհու մոտ երեք ամիս առաջ ստամոքսի քաղցկեղ են ախտորոշել։ Չնայած իր հիվանդությանը, նա շարունակել է նկարահանվել ֆիլմերում։ Uijeongbu Hospital-ը հաստատել է, որ դերասանուհին սրտի կանգ է ունեցել։ Նրա հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 5-ին։

Լի Ջու Շիլն իր կարիերան սկսել է 1965 թվականին՝ որպես թատրոնի դերասանուհի։ Երիտասարդ տարիներին նա հանդես է եկել Հարավային Կորեայի բազմաթիվ հայտնի բեմադրություններում։ 1993 թվականին նրա մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշեցին, իսկ տասը տարի անց նա կարողացավ հաղթահարել հիվանդությունը։