Տևական դադարից հետո Արամոն և Էմմա Պետրոսյանը փետրվարի 9-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգան հին ու նոր երգերով և անակնկալներով։ Գրում է Tert.am-ը:
Արտիստների վերջին մեծ համերգային երեկոն տեղի է ունեցել 2018 թվականին։
«Հետո սկսվեց համավարակը, այնուհետև՝ 44-օրյա պատերազմը։ Այդ ամենից հետո ո՛չ խոսելու, ո՛չ երգելու ցանկություն կար։ Լռությունը հենց այդ մասին էր, որովհետև ապրում էինք Արցախի ցավով։
Փառք ու պատիվ մեր տղաներին, բայց կյանքը շարունակվում է, ապրել, ստեղծագործել է հարկավոր, ուստի տարիներ անց հասունացավ համերգի ժամանակը»,-նշում է Արամոն։
Երեկոյին կհնչեն հեղինակային երգեր, հայտնի կոմպոզիտորների սիրված գործեր՝ նոր շնչով, նոր մեկնաբանությամբ։
«Այժմ համերգի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, փորձեր են, անցուդարձ է, և այդ սրտի թրթիռն արդեն կա, հուզմունքն ակնհայտ է, ինչը բնական է։ Եթե դա չլինի, ուրեմն ինչ-որ բան սխալ է։
Պետք է ժպիտ, սեր, ջերմություն, դրական էներգիա փոխանցել հանդիսատեսին, որը եկել է վայելելու երաժշտությունը։ Կյանքում ևս պետք է սեր փոխանցել։ Տալիս ես այդ սերն ու ստանում ես այն, բացասականն ես տալիս, դա ես ստանում։ Պետք է առաջնորդվել սիրով, Աստծո լույսով»,-հավաստիացնում է արտիստը։
Արամոյի և Էմմա Պետրոսյանի հետ հանդես են գալու հեղինակավոր երաժիշտներ, սկսնակ երգիչներ։