««Գրեմմի»-ից 1 օր առաջ ինձ հաղորդագրություն եկավ, որ Ուիլ Սմիթին պիտի ուղեկցեմ». դերասան Գրիգորի Հակոբյանն ու Ուիլ Սմիթը 1 օր անցկացրել են միասին

ԱՄՆ-ում բնակվող դերասան Գրիգորի Հակոբյանը հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթին ուղեկցել է «Գրեմմի» մրցանակաբաշխության: Այս մասին Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց դերասանը: 

«Ես աշխատում եմ Լիմուզինի կազմակերպությունների հետ, որոնք ծառայություն են մատուցում աստղերին ու ճանաչված մարդկանց: Շատ ճանաչված դերասանների եմ ուղեկցել: «Գրեմմի»-ից մեկ օր առաջ ինձ մեյլով հաղորդագրություն եկավ, որ Ուիլ Սմիթին պիտի ուղեկցեմ: Ճիշտն ասած շատ լարվեցի, որովհետև խոսակցություններ կային, որ շատ գոռոզ է»,- անկեղծացավ դերասանը:

Գրիգորին պատմեց, որ սկզբում Ուիլ Սմիթին ուղեկցել է մի ամբողջ խումբ:

«Բայց մենակ ինքն ու իր թիկնապահն էին իմ մեքենայի մեջ: Բարձր տրամադրություն ուներ, ջերմ բարևեց, նստեց մեքենան: Թիկնապահին հարցրեցի՝ ի՞նչ ես կարծում, կարո՞ղ եմ իր հետ նկարվել: Ասաց՝ չէ, չի սիրում: Մոտավորապես 10 ժամ երեկ նրա հետ եմ անցկացրել: Հետո թիկնապահը մի պահ իջավ մեքենայից, մենք սկսեցինք շփվել:

Ասացի, որ մասնագիտությամբ դերասան եմ, շատ ջերմ ընդունեց, զրույցն ավելի ջերմացավ, ասացի՝ դեմ չե՞ս լինի նկարվենք, ասաց՝ չէ, ի՞նչ ես ասում:

Նկարվեցինք ու ասաց՝ քեզ մեծ հաջողություններ, շատ շնորհակալ եմ այս օրվա համար: Շատ դրական ու պոզիտիվ տղա էր:

Մեր շփումն այնքան ջերմացավ, իր աշխատակիցները երևի ավելի լարված էին, քան ես:

Ընդհանրապես այսպիսի աշխատանքի դեպքում ստորագրություն ես թողնում, որ չես կարող հետը զրուցել, իր կոնտակտային համարը կամ հասցեն որևէ մեկին տալ, բայց մեր շփումը շատ անմիջական եղավ ու շատ լավ օր ունեցանք միասին:

Վերջում գրկախառնվեցինք ու ասաց` «God blass you man», շատ ուրախ էի, որ քեզ հետ ծանոթացա»,- պատմեց Գրիգորի Հակոբյանը: