1714 թվականին Անտոնիո Ստրադիվարիի պատրաստած ջութակը կարող է դառնալ երբևէ աճուրդում վաճառված ամենաթանկ երաժշտական գործիքը. աճուրդն անցկացնելու է Sotheby’s-ը՝ ուրբաթ օրը Նյու Յորքում:
Աճուրդի տան մասնագետները «Յոահիմ-Մա Ստրադիվարի» ջութակի արժեքը գնահատում են 12-18 միլիոն դոլար։ Այն բոլոր շանսերն ունի գնի առումով գերազանցելու Ստրադիվարիի՝ 2011-ի աճուրդում 15,9 մլն դոլարով վաճառված Lady Blunt ջութակը: Գինեսի ռեկորդների գիրքն այս նմուշը ճանաչել է երբևէ աճուրդում ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը:
Sotheby’s Americas-ի նախագահ և համաշխարհային բիզնեսի ղեկավար Մարի Կլաուդիա Խիմենեսի խոսքով՝ Ստրադիվարին ջութակը պատրաստել է իր «ոսկե շրջանի» ընթացքում, որը սկսվել է մոտ 1700 թվականին և նշանավորվել է նրա վարպետության բարելավմամբ: