«Ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ 2026-ին Եվրատեսիլը Հայաստանում տեսնելու». Արսեն Գրիգորյան

«Ես տրամադրված եմ հաղթանակի: Իմ թիմն այդպես է աշխատել երգը ստեղծելիս: Ես կարծում եմ, այս երգն այն երգն է, որ կհասնի սրտից սրտին և կմնա մարդկանց սրտերում: Մարդիկ սիրո առաջարկություն կանեն հենց այս երգի ներքո, անկախ նրանից կլինի ամուսնության առաջարկ, թե ժամանցի, ես ուրախ կլինեմ, որ այն կպնի մարդկանց սրտերին»,-  Tert.am Life-ի հետ զրույցում նշել է երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Արսեն Կամիլը, ով փետրվարի 16-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք համերգի ժամանակ, հանդես կգա 10 համարի ներքո:

Արսեն Գրիգորյանը նշել է, որ ամսի 16-ին հանդիսատեսը Կամիլին կտեսնի բոլորովին նոր կերպարով:

«Քանի որ Կամիլը միշտ անկանխատեսելի է եղել իր դրսևորումներում, և՛ վիդեոբլոգերի կերպարում է հանդես եկել մի քիչ լայն դեմքով, և՛ մարմին ստացած, պահ է եղել, որ նա շատ գեր է եղել, հիմա ևս տրանսֆորմացիայի է ենթարկվել ու բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է ենթարկվել»,- նշեց երգիչը:

Նա հավելեց, որ աշխատում է ռեժիսոր Նաիրե Ստեփանյանի հետ, ով շատ հետաքրքիր լուծում է գտել բեմում Կամիլի ներկայության համար:

«Ստեղծագործող մարդն ամենազգայունն ու խոցելին է, բայց պատրաստ է, որ ամեն բան կարող է տեղի ունենալ՝ և՛ դրականը, և՛ անսպասելին: Անգամ, եթե սպասումներս չարդարանան, շարունակելու եմ ստեղծագործել, որովհետև ես ծնված եմ դրա համար ու դա է իմ կյանքը: Բայց ես շատ մեծ ակնկալիքներ ունեմ 2026-ին Եվրատեսիլը Հայաստանում տեսնելու»,- հայտնել է Արսենը: