Քանյե Ուեսթն ու Բիանկա Սենսորին պատրաստվում են ամուսնալուծվել. Daily Mail

Ամերիկյան շոուբիզնեսի ամենասկանդալային զույգերից մեկը՝ ռեփեր, պրոդյուսեր, դիզայներ Քանյե Ուեսթն ու կինը՝ Բիանկա Սենսորին, միասին չեն և պատրաստվում են ամուսնալուծվել. այս մասին գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ բացառիկ տեղեկատվություն ունի:

Ըստ հոդվածի՝ Ուեսթն ու Սենսորին համաձայնության են եկել, որ կինը 5 մլն դոլար փոխհատուցում է ստանալու: 47-ամյա Ուեսթին մոտ կանգնած աղբյուրը պատմել է., որ զույգն այլևս միասին չէ ու առաջիկա օրերին կդիմի դատարան:

Ներկայում 30-ամյա Սենսորին բնակվում է Լոս Անջելեսի իրենց տանը՝ 35 մլն դոլար արժողությամբ: Ուեսթի գտնվելու վայրը հայտնի չէ: Չի բացառվում, որ նա վերադարձել է Տոկիո, որտեղ անցկացրել է նախորդ տարվա մեծ մասը՝ բնակվելով հյուրանոցում:

Հիշեցնենք, որ զույգն օրերս հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգին Սենսորին ներկայացել էր մերկ: Շատերը պնդում են, որ Ուեսթն էր կնոջը դրդել նման համարձակ քայլ անել, սակայն ռեփերը հակադարձել էր, որ ոչինչ չի ստիպել:

Օրերս Քանյե Ուեսթն ասել էր, որ աուտիզմ ունի: