Հարավկորեացի 24-ամյա աստղն ինքնшսպшն է եղել. նրան հալածում էին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում

24 տարեկան հասակում մահացել է հարավկորեացի դերասանուհի Կիմ Սե-Ռոնը։ Տեղեկությունը հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները:

Նրա մարմինը հայտնաբերել են փետրվարի 16-ի երեկոյան Սեուլի արևելքում գտնվող տանը։

Մամուլի տվյալներով` դերասանուհուն գտել է ընկերը։ Նա անհանգստացել է, քանի որ պայմանավորված են եղել, բայց աղջիկը չի գնացել հանդիպման։ Ոստիկանները տանը կողոպուտի հետքեր չեն հայտնաբերել։ Իրավապահները եզրակացրել են, որ մահվան պատճառը ինքնասպանությունն է եղել։ Կիմ Սե-Ռոնը գրություն չի թողել։ Դերասանուհուն հուղարկավորել են փետրվարի 19-ին։

Կիմ Սե-Ռոնը հարավկորեական կինոյի և հեռուստատեսության վառ աստղերից մեկն էր։ Նրա առաջնախաղը եղել է 9 տարեկանում «Միանգամայն նոր կյանք» (2009) ֆիլմում, որը մասնակցել է Կաննի 62-րդ կինոփառատոնին։ Նա մեծ ճանաչում ձեռք բերեց 2010 թվականին «Մարդը ոչ մի տեղից» ֆիլմում նկարահանվելուց հետո։

Նրա մասնակցությամբ վերջին խոշոր նախագիծը «Netflix»-ի «Որսորդական շներ» (2023) սերիալն էր, որը նկարահանվել է համանուն վեբթունի (կորեական թվային պատկերապատումներ) մոտիվներով: Սակայն հարբած մեքենա վարելու մասին մեղադրանքներից հետո Կիմ Սե-Ռոնի մասնակցությամբ տեսարանների մեծ մասը կտրել էին։

2022 թվականի մայիսին դերասանուհին վթարի էր ենթարկվել Սեուլում` ջարդելով մեքենան։ Դատարանը նրան տուգանել էր շուրջ 13 800 դոլարով, ինչից հետո նա դադարել էր նկարահանվել։

Հանրությունն ու լրատվամիջոցները շարունակում էին դերասանուհուն քննադատել նույնիսկ սկանդալից հետո։ Նրան դատապարտում էին երեկույթներին հայտնվելու, աշխատանք չունենալուց բողոքելու և սոցցանցերում հրապարակումներ անելու համար։ 2024 թվականին, երբ Կիմ Սե-Ռոնը նկարահանվեց անկախ ֆիլմում, նրան քննադատեցին նկարահանման հրապարակում ժպտալու համար։

Նրա մահից հետո հարավկորեական մի շարք պարբերականներ դատապարտել են թունավոր մեդիամիջավայրը` նշելով, որ լրատվամիջոցներն են դեր խաղացել դերասանուհու վրա ճնշում գործադրելու գործում:

«Հանկուկ Իկլբոն» հայտարարել է, որ նրա մահվան մասին վերնագրերը հաճախ մատնանշում են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու միջադեպը, ինչն ընդգծում է հասարակական կարծիքի դաժանությունը: Հրապարակումներում հիշել են նաև երգչուհիներ Սոլլիին և Կու Հարային, ինչպես նաև դերասան Լի Սոն Գյունեին, որոնք ավելի վաղ ինքնասպան էին եղել հանրային ճնշումներից հետո:

Ինչպես նշում է «The New York Times»-ը, վերջին տարիներին Հարավային Կորեայում մի քանի հայտնի մարդիկ ինքնասպանություն են գործել սոցցանցերում և ԶԼՄ-ներում խիստ քննադատության ֆոնին: