Ինչ փոխվեց ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի կյանքում, երբ դարձավ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն: Արդյոք նոր պաշտոնը չի խանգարում ստեղծագործելուն և ի՞նչ բարեփոխումներ է նախատեսում՝ թատրոնում նոր շունչ բերելու համար: Այս ամենի մասին Սուրեն Շահվերդյանը պատմել է Tert.am Life-ին:
«Շատերի մոտ կարծրատիպ կա, որ սա մեր թատրոնն է, մեր տունն է, մենք արդեն 20 կամ 30 տարի այստեղ ստեղծագործել ենք, և մեզնից բացի ոչ ոքի չենք տեսնում: Դա լուրջ ու ցավոտ խնդիր է, ինչ-որ առումով հասկանալի, բայց ինչ-որ առումով էլ՝ ոչ:
Երբ ստեղծագործող մարդը հասկանում է, որ այլևս ասելիք չունի և կրկնում է իրեն, ինչ-որ պահի պետք է զիջի:
Ուզում եմ հիշեցնել, որ ոչ մի թատրոն որևէ մեկի սեփականությունը չէ: Պետական թատրոնը պետության թատրոնն է և բոլորինն է։
Եվրոպական թատրոնում երբևէ չեմ լսել, որ այս կամ այն դերասանը կամ ռեժիսորն ասի՝ Բուխարեստի ազգային թատրոնը մեր տունն է, և մենք այստեղ հավերժ ենք:
Հակառակը, շատ առողջ է մթնոլորտը»- Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է ռեժիսորը:
Նրա խոսքով՝ Ստանիսլավսկու թատրոնը ղեկավարելու ընթացքում մեկ ներկայացում է բեմադրել, մյուս ներկայացումների հեղինակները այլ ռեժիսորներ են: