Լիանա Վանոյանն Ինստագրամում իր հետևորդների հետ կիսվել է նոր լուսանկարներով: Կերպարներ ստեղծելիս նա նախապատվությունը տվել է սևին և ընդգծել սլացիկ կազմվածքը: Գրում է BRAVO.am-ը:
«Ինձ համար անսովոր Լիանա է, բայց այսպիսին էլ կարող եմ լինել»,- գրել է նա:
Վանոյանը «Սթորի»-ներում անդրադարձել է իր կերպարանափոխությանը՝ նշելով, որ վերջին անգամ է պատասխանում ամենից հաճախ տրվող հարցերին. նախկինում կշռել է 111 կգ, բարիատրիկ, հետո նաև պլաստիկ վիրահատություններից հետո այսօր քաշը 54 կգ է: Նա պատմել է, որ հաղթահարել է հետվիրահատական դժվարությունները, նաև խոստովանել է՝ չնայած հնչող կարծիքներին, որ գեր ավելի հմայիչ էր ու այդպիսին էին իրեն սիրում, ընտրել է առողջ ու երջանիկ լինելը:
«Ձեզ համար սա մի րոպե է, իսկ ինձ համար իմ ճանապարհն է՝ անտանելի դժվար օրերով, անկումներով, վերջին ուժերով, ոտքի կանգնելով: Իմ բոլոր նպատակներին հասել եմ իմ ուժերով՝ ինձ շատ բաներից զրկելով: Եթե կա ցանկություն, կան նաև լուծման ճանապարհներ: Բայց պետք է նաև տանել որոշման հետեւանքները, ինչն այդքան էլ հեշտ չէ: Մի արժեզրկեք դիմացինի անցածը, քանզի չեք զգացել այն, ինչ ես եմ զգացել»,- գրել է նա:




