Մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ ես չեմ հաղթողը. Սիմոնը՝ «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի ու էմոցիաների մասին

««Դեպի Եվրատեսիլ»-ը իմ մեջ վառ տպավորություններ ու հիշողություններ է թողել,  որովհետև ձեռք եմ բերել լավ ընկերներ: Մարդիկ կային, որոնց հետ այդ ընթացքում եմ ծանոթացել, այդ թվում հաղթողի՝ Պարգի հետ:

Ես նրա մասին լսել էի, բայց ծանոթության առիթ չէր եղել:

 «Դեպի Եվրատեսիլ»-ը հնարավորություն տվեց, որ դառնանք շատ լավ ընկերներ»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշել է Սիմոնը, ով ներկայացել էր  «AY PAPAREY BYE» երգով ու ժյուրիի կողմից ստացել ամենաբարձր գնահատականը:

Երգիչը՝ խոսելով իր ելույթի մասին, նշեց, որ երբ միանում է երաժշտությունը, բեմում ամեն ինչի մասին մոռանում է ու մաքսիմալ տրվում էմոցիաներին:

«Հետո տանն եմ նայել ելույթս և դժգոհ չեմ: Հպարտ եմ, որովհետև մեր և միջազգային ժյուրիի կողմից ստացել եմ ամենաբարձր միավորները: Եթե անկեղծ լինեմ, մինչև վերջին վայրկյանը չէի հավատում, որ ես չեմ հաղթողը:

Բայց, երբ քննարկում եմ ինքս իմ մեջ, հասկանում եմ, որ ես սոցցանցերում ակտիվ չեմ եղել, չեմ ունեցել նկարահանած տեսահոլովակներ:

Մարդիկ ինձ չեն ճանաչել այնպես, ինչպես մյուս մասնակիցներին: Ինձ առաջին անգամ են տեսել և կարծում եմ՝ դա է նպաստել, որ քվեարկության արդյունքներն այդպիսին են եղել: Չնայած, քիչ ձայն չէի հավաքել, ինչի համար հպարտ եմ»,- անկեղծացել է երգիչը: