Միշա Գալուստյանն ընդգրկվել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթում

Շոումեն Միխայիլ Գալուստյանը և գործարար, «Ա-պրոպերտի» հոլդինգի սեփականատեր Ալբերտ Ավդոլյանը ներառվել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 16-րդ փաթեթում: Այս մասին ասվում է ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում։

Փետրվարի 24-ին ԵՄ խորհուրդն անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթը, որում ներառվել են ինչպես տնտեսական, այնպես էլ անհատական նոր սահմանափակումներ:

Մասնավորապես, Գալուստյանն ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակում՝ «Յունարմիա» շարժմանը մասնակցելու և Ռուսաստանի նախագահի քաղաքականությանը բացահայտ աջակցելու համար»:

«Դրանով նա աջակցում է գործողությունների, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը»,- ասվում է փաստաթղթում:

Ինչ վերաբերում է Ավդոլյանին, ապա ԵՄ ամսագրում նշվում է, որ նա գործարար հետաքրքրություններ ունի էներգետիկայի, հատկապես ածխարդյունաբերության ոլորտում: