Երգիչ Էրիկը սոցցանցերի իր էջերում հայտնել է, որ իր հեղինակային «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ձևափոխել և աղավաղել են՝ այս անգամ ռուսական ալիքում ներկայացնելով որպես ադրբեջանական երգ:
«Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձևափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում, առանց որևէ թույլտվության…
Ես լռել եմ:
Բայց համբերությանս բաժակս լցվեց, երբ օրեր առաջ Ռուսական Россия 1 պետական ալիքով «Воскресное шоу Андрея Малахова» -ի եթերում արդեն երկրորդ անգամ առանց որևէ թուլատվության հնչեց իմ երգը աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ:
Ու ցավալի ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:
Երգը գրել եմ 2018 թվականին, Երևանում: Երաժշտության հեղինակը ես եմ: Խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Հարցին տվել եմ իրավական ընթացք և օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչև վերջ իմ հեղինակային իրավունքների համար:
Նշեմ, որ ստեղծագործությունը առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը՝ հեղինակային իրավունքի խախտում է և ստեղծագործության աղավաղում։
Ցավ եմ ապրում ,որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները:
Բայց նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը արձագանքում են և իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- գրել է երգիչը: