Օսկարակիր «Անորա» ֆիլմի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում պատմել են, թե ինչպես են ծանոթացել ֆիլմի ռեժիսոր Շոն Բեյքերի հետ և ընտրվել որպես ֆիլմի դերասաններ։
Վաչեն նշեց, որ բավականի զավեշտալի է եղել իր դեպքը, Կարեն Կարագուլյանն իրեն 5 տարի առաջ գրել էր, բայց ինքը չէր տեսել նամակը, և Շոն Բեյքերի զանգից հետո է միայն տեսել ու պատասխանել։
«Ինձ զանգեց մենեջերս ու ասեց, որ Շոն Բեյքերն է ուզում հետս խոսել, որ զանգեց սկսեց խոսել, ինձ թվաց կատակ է, Արամ MP3-ն է ձայնը փոխել խոսում է, հետո հարցրի, թե որտեղ է տեսել իմ ստենդափերը, ասաց, որ Կարեն Կարագուլյանն է իրեն իմ մասին պատմել։ Ես միանգամից սկսում եմ փնտրել Կարենին, տեսնում եմ՝ լուրջ դերասան է, ինստագրամով եմ նայում, տեսնում եմ, որ մի 5 տարի առաջ գրել է ինձ, թե որտեղ կարող է տեսնել իմ ստենդափերը, ես էլ այդ պահին պատասխանում եմ՝ Կարեն ջան, կներես, նոր տեսա գրածդ, 5 տարի հետո»,- պատմեց Վաչեն՝ նշելով, որ կարևորը՝ Կարենը չէր նեղացել։