«Ի զարմանս շատերի՝ ես մոտ 15 տարի առաջ դիմել եմ ականջի վիրահատության, բայց կարճ ժամանակ անց վերափոխվեց ու եկավ իր հին տեսքին: Այնպես որ, այդ վիրահատությունն այլևս ոչ մի կերպ չի երևում իմ դեմքի վրա»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով արտաքինի հետ կապված կոմպլեքսների, պլաստիկ միջամտությունների, էկրանից իրեն տեսնելու բարդույթների ու դրանք հաղթահարելու մասին, անկեղծացել է դերասանուհի Ռոզի Ավետիսովան:
Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ…
Դերասանուհին վիրահատությունների հետ կապված մտքեր ունեցել է շատ տարիներ առաջ, երբ նոր էր սկսել նկարահանվել:
«Անհաշտ էի էկրանից ինքս ինձ հետ, հատկապես՝ մեծ էկրանից:
Քեզ թվում է, որ դու ունես միլիոնավոր թերություններ քո դեմքին, իսկ այդ ժամանակ ես բավական երիտասարդ էի՝ 21-22 տարեկան: Մինչև 24 տարեկանն ունեի անհաշտ մտքեր:
Իրականում այդ ամբողջը ձևավորված չլինելու և ինքդ քեզ չճանաչելու արդյունքում է լինում: Հատկապես այդ տարիքում են շատ աղջիկներ դիմում պլաստիկ միջամտությունների»,- մեզ հետ զրույցում ասաց Ռոզին:
«Կարծում եմ, հիմա ամեն ինչ չափն անցել է: Այն ժամանակ չկային ինստագրամյան ֆիլտրներն ու թրենդները, ամենուր և անընդհատ չէր քարոզվում այդ փոփոխությունները: Շատ վիրահատված դերասանուհիներ ու հեռուստադեմքեր չկային եթերում և այդքան տեսանելի չէր այդ ամբողջը: Հիմա հակառակ պատկերն է, բոլորը փորձում են դիմել ինչ-որ միջոցների, փոփոխել իրենց արտաքինը: Բայց, ես կարծում եմ, որ սրա համար կա մի կարևոր պատճառ՝ այսօր ուրիշ արժեքներ են թելադրվում և անհատն ամբողջությամբ 2-րդ պլան է մղվել: Մարդուն շատ հետաքրքիր է դարձել նմանվել մեկ ուրիշին, այլ ոչ թե լինել յուրահատուկ, չունենալ քո առանձնահատուկ դիմագծերն ու տեսակը, բնավորությունը: Իսկ քո դեմքը քո բնավորությունն է»,- նշեց Ռոզի Ավետիսովան:
Դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին…
Դերասանուհին նշեց, որ ինքը ոչ մի դեպքում չի դիմի պլաստիկ վիրահատության, եթե ծայրահեղ անհրաժեշտ չլինի:
«Մարդիկ երբեմն ավտովթարից կամ դժբախտ պատահարից հետո ստիպված են լինում վերականգնել դեմքը: Միայն նման դեպքերում կդիմեմ, իսկ, որ քնից արթնանամ ու որոշեմ դեմքիս վրա փոփոխություն անել, բացառվում է: Առհասարակ ոչ մի արհեստական բան չեմ ընդունում և չեմ սիրում: Ինձ համար գեղեցիկ չէ այն, ինչ արհեստական է:
Ես անգամ դեմ եմ շուրթերի ծավալի մեծացմանը, արհեստական եղունգներին ու հոնքերին, որովհետև չեմ համարում դա գեղեցիկ: Այն, ինչ արհեստական է, չի կարող լինել գեղեցիկ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհին:
Նրա խոսքով՝ որքան մարդը բնական է, այնքան գեղեցիկ է:
«Ի զարմանս ինձ՝ այսօր շատ տղաներ են դիմում վիրահատության, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց դեպքում կարծիքս մնում է նույնը: Շատ անգամ տղաները մեր արծվաքթերն են փոխում, ինչը նրանց զրկում է տարրական առնականությունից: Ես ջատագովն եմ բնական գեղեցկության»,- նշել է Ռոզին: