Բեն Աֆլեքը հորդորել է 13-ամյա որդուն ինքնուրույն գումար աշխատել

52-ամյա դերասանը հրաժարվել է որդուն թանկարժեք սպորտային կոշիկներ գնել։ Բեն Աֆլեքը կատակել է, որ դեռահասը պետք է «շատ սիզամարգեր» հնձի, որ իրեն թույլ տա նման թանկարժեք կոշիկներ: Գրում է FastNews.am-ը:

Ամերիկացի դերասանն իր 13-ամյա որդու՝ Սամուելի հետ Լոս Անջելեսում այցելել է սպորտային կոշիկների ցուցահանդեսի։ Միջոցառման ժամանակ Ջենիֆեր Լոպեսի նախկին սիրելին իրեն դրսևորել է խիստ, ռացիոնալ հոր դերում։ Նա հրաժարվել է կատարել դեռահասի քմահաճույքները։

Տղային դուր է եկել 1000 դոլար արժողությամբ բրենդային սպորտային կոշիկներ: Անշուշտ, նա գումար է խնդրել հայտնի հորից։ Աֆլեքը որոշել է ստեղծված իրավիճակն օգտագործել դաստիարակչական նպատակներով։ «Ես փող ունեմ, բայց դու պետք է շատ սիզամարգեր հնձես դրանք գնելու համար»,- ասել է դերասանը Սամուելին՝ գինը իմանալուց հետո:

Դերասանի հրահանգներն այսքանով չեն ավարտվել. Աֆլեքը շարունակել է նախատել որդուն, ով, իր կարծիքով, ցանկացել է գնել սպորտային կոշիկները միայն այն պատճառով, որ դրանք պատկանել են հայտնի ապրանքանիշի։