Tert.am Life-ի հետ զրույցում Հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայության ղեկավար Լուսինե Թորոսյանը նշել է, որ եթեր է վերադառնում «Թույլ օղակ» նախագիծը, որի ցուցադրման իրավունքը Հանրային հեռուստաընկերությունը ձեռք է բերել BBC-ից:
«Հեռուստաընկերությունների պրակտիկայում ընդունված է փոփոխությունները՝ կախված եթերաշրջանների հետ, դրա համար այս եթերաշրջանում ինտեգրել ենք Անիտա Հախվերդյանին, ով կվարի «Թույլ օղակ» նախագիծը»,- նշեց Լուսինե Թորոսյանն ու վստահեցրեց, որ նախկին հաղորդավարի՝ դերասան Բաբկեն Չոբանյանի հետ որևէ կոնֆլիկտ չկա:
«Այս անգամ որոշել ենք կին հաղորդավար ներգրավվել, ինչպես օրիգինալում՝ BBC-ում է: Մարդիկ սովոր են «Թույլ օղակ»-ը տեսնել կին հաղորդավարի մասնակցությամբ, մեզ ևս հետաքրքիր է ինչպես կընդունվի այս փոփոխությունը հեռուստադիտողի կողմից»,- նշել է Լուսինե Թորոսյանը:
Անիտա Հախվերդյանը Tert.am Life-ի հետ զրույցում նշել է, որ «Թույլ օղակ» նախագծում իր հայտնվելը սպասված էր:
«Ցանկացած մարդ, որը կպնդի, թե առանց ներքին շտկումների, իր իրական կերպարով է դուրս գալիս բեմ կամ հեռուստատեսային տաղավար (հատկապես «Թույլ օղակ»-ի պես մասշտաբային ու բազմամարդ նկարահանման հրապարակ), առնվազն կստի ինքն իր մտքում։ Ու նաև կմոլորեցնի հանդիսատեսին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ էկրանին նայող մարդուն ստելն ու մոլորեցնելը երբեք լավ բանի չի բերում։ Այնպես որ` բեմականն ու իրականը տարբեր են»,- նշել է Անիտա Հախվերդյանը: