Երեկ՝ մարտի 25-ին, «Բոհեմ» թատրոնում կայացավ դերասան, հումորիստ Մհեր Մխիթարյանի «Ես չեմ, դու ես» երկրորդ stand-up comedy show-ին։ ShowBiz.am-ը ներկա է եղել երեկոյին և զրուցել դերասանի հետ:
Հաջողված ելույթից, ապա նաև շնորհավորանքներ ստանալուց հետո հումորիստը մեզ հետ կիսվեց իր առաջին տպավորություններով և խոստովանեց՝ ամեն բան ավելի քան լավ ընթացավ. «Տպավորությունները շատ լավ են, կգնահատեմ բարձր: Ճիշտ է, սպասում էինք, որ մեր արածը դրական կգնահատվի, բայց որ դահլիճն անդադար կծիծաղի, իրոք գոհացնող էր»:

Երկրորդ սթենդ ափն անելու գաղափարը վաղուց է եղել: Թիմում աշխատել են Գարիկ Գևորգյանը, Վազգեն Օհանյանը, Օնո Մանուկյանը, ովքեր հումորի ոլորտից են և լավ գիտեն իրենց աշխատանքը, վստահեցրեց Մհերը:
Մհերը նշեց, որ բացթողումներ չունեն, ամեն բան հարթ է ընթացել. «Ինչ ի սկզբանե պլանավորված էր, արել ենք, քանի որ հումորը գրելուց արդեն իսկ հասկանում ես՝ այն կծիծաղեցնի, թե ոչ: Այս դեպքում լավ, ստացված հումորները ներառել էինք, ինչն իր արդյունքը տվեց»:
Հումորիստը ամբողջ սթենդ ափից առանձնացրեց վերջին հատվածը՝ հարսանիքի թեման. «Մի քիչ շատ իմ սրտից էր, իհարկե բաներ կային, որ չափազանցված էր, բայց իրականին մոտ էր: Մնացածը ավելի ուռճացված էր ներկայացված»:

Նախորդ ամիս հանդիստասին ներկայացվեց Մհերի մասնակցությամբ «Բարի օր 2» ֆիլմը, որը ևս շատ դրական արձագանքներ ստացավ, դերասանը մեզ հետ զրույցում խոսեց ֆիլմերի և սթենդ ափ ներկայացումների տարբերության և դրանց առանձնահատկությունների մասին. «Ի տարբերություն կինոյի՝ այստեղ դու հնարավորություն չունես մոնտաժի, դուբլ անելու: Այստեղ լայվ ձևաչափ է, հանդիսատեսը նստած է, ինչ ասեցիր ասեցիր, էլ բան չես կարող փոխել: Երկուսում էլ բարդություններ կան, բայց քանի դեռ գործդ սիրով ես անում, ամեն բան հաղթահարելի է»:
Ներկայացման ընթացքում իմպրովիզներ ևս եղել են. «Այդ պահին հասկանում ես՝ արժե անել, կաշխատի, թե ոչ, ինչն էլ արդեն փորձից է գալիս»:
Դերասանը չգիտի՝ դեռ քանի ներկայացում էլ կխաղա, ամեն բան կախված է հանդիսատեսի գնահատականից. «Ինչքան լինի պահանջարկը, այդքան էլ կշարունակվի, հստակ ժամկետներ դեռ չկան»:
Այսօրվա՝ մարտի 26-ի ներկայացման բոլոր տոմսերն արդեն սպառված են:
























Հեղինակ՝ Լուս Ավագյան