Ժերար Դեպարդիեին պահանջում են դատարապարտել 18 ամիս պայմանական ազատազրկման

Պետական մեղադրողը Փարիզի քրեական դատարանում պահանջել է ֆրանսիացի կինոաստղ Ժերար Դեպարդիեին, որը մեղադրվում է 2021-ին ֆիլմի նկարահանման հրապարակում երկու կնոջ նկատմամբ սեռական ոտնձգության համար, 18 ամիս պայմանական ազատազրկման դատապարտել:

Ինչպես գրում է The Guardian-ը, երեք դատավորներից կազմված կոլեգիան վճիռը կկայացնի մայիսի 13-ին, եթե Դեպարդիեին դատապարտեն, ապա կորոշվի նաև պատիժը։ Նրան սպառնում էմինչև հինգ տարվա ազատազրկում՝ մեղադրանքի համար կիրառելի առավելագույն պատիժը և 75,000 եվրո տուգանք:

Պետական ​​մեղադրողի խոսքով՝  դերասանը պետք է դատվի ինչպես ցանկացած այլ քաղաքացի՝ անկախ հայտնի կարգավիճակից: Նա դատարանին ասել է, որ Դեպարդյոն թիրախավորել է «ստորադաս դիրքում գտնվող» կանանց, որոնք տնտեսապես կախված են ֆիլմի նկարահանումից, քանի որ դա նրանց աշխատավայրն է:

Դեպարդիեն դատարանի առջև է կանգնել 2021-ին ֆիլմի նկարահանման ժամանակ երկու կնոջ նկառմամբ սեռական բնույթի ոտնձգություն կատարելու մեղադրանքով: Կինոաստղը մեղադրվում է Les Volets Verts ֆիլմի 54-ամյա զգեստների ձևավորողի և 34-ամյա ռեժիսորի օգնականի նկատմամբ նկարահանման հրապարակում ոտնձգություն կատարելու համար:

Դատախազները պնդում են, որ խոսքն անպարկեշտ արտահայտությունների և անպատշաճ հպումների մասին է: Երկու կանայք էլ պաշտոնական բողոքներ են ներկայացրել: Դերասանը հերքում է մեղադրանքը։

2023 թվականի հոկտեմբերին Le Figaro-ում հրապարակված բաց նամակում Դեպարդիեն գրել էր. «Ես երբեք բռնության չեմ ենթարկել կնոջը»։ Դատավարությունն ի սկզբանե նախատեսված էր 2024 թվականի հոկտեմբերին, սակայն հետաձգվել էր՝ Դեպարդյոյի առողջական վիճակի պատճառով։ Այժմ սպասվում է, որ նա կմասնակցի երկօրյա դատական ​​նիստին:

Սա առաջին դեպքը չէ, երբ Դեպարդիեն՝ Ֆրանսիայի ամենահայտնի կինոդերասաններից մեկը, մեղադրվում է սեռական ոտնձգությունների համար։ Նախկինում շուրջ 20 կին նրան մեղադրել են ոչ պատշաճ վարքի համար, սակայն դերասանը դատարանի առաջ չի կանգնել։ Որոշ գործեր կարճվել են ապացույցների բացակայության կամ վաղեմության ժամկետի պատճառով: Սպասվում է, որ դատարանը դատաքննության ընթացքում կլսի վկաների ցուցմունքները: