Ապրիլի 7-ին «Բոհեմ» թատրոնում տեղի ունեցավ Նարեկ Դուրյանի նոր՝ «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացման պրեմիերան։ Դասական ֆրանսիական այս կատակերգության մեջ ընտանեկան խառնաշփոթ, սեր, խանդ և զվարճալի իրավիճակներ են։
«Բոհեմ» թատրոնի գեղարվեստական գեղակավար, բեմադրիչ Նարեկ Դուրյանի խոսքով՝ ներկայացման հիմքում ընտանեկան դասական եռանկյունի է, որն այստեղ քառանկյունի է ստացվել, որտեղ ամուսիններն ունեն նոր սիրելիներ, պետք է բաժանվեն ու պատ քաշեն տան մեջ։

«Իսկական իրավիճակային կատակերգություն է (sitcom): Այս ներկայացման պարագայում որոշեցի անպայման երկու բան անել․ առաջինը, որ գործողությունները լինեն Ֆրանսիայում, երևի կարոտել եմ։ Բոլոր գործող անձիք ֆրանսիացիներ են, միայն մեկը կա իտալացի։ Երկրորդը, որ որոշեցի նոր խմբի հետ աշխատել, քանի որ ցանկացա՝ թատրոնում բազմազանությունը շատ լինի։ Մեր թատրոնի դերասաններն ամեն մեկն իր զբաղվածությունն ունի, տարբեր ներկայացումների մեջ խաղում են, կարծում եմ՝ ճիշտ քայլ է նոր դեմքեր բեմ բարձրանան։ Մի քիչ վերաբերմունքի տարբերություն կար, թե ինչպես որոշ իրավիճակների կարձագանքի հայը եւ ինչպես դա կանի ֆիանսիացին, բայց ինձ թվում է Հայաստանում, եթե տարիներ առաջ տարբեր բաների վրա կարող էին զարմանալ, հիմա այստեղ էլ շատ բան սովորական է դարձել»,- նշեց Նարեկ Դուրյանը՝ հավելելով, որ ապրիլի 7-ը ընտրվել է որպես պրեմիերայի օր, քանի որ ընտանիքի գաղափարի քարոզ կա։
Ներկայացման երկրորդ ռեժիսորի պաշտոնն այս անգամ վստահվել է Թելման Առաքելյանին և Սիրանուշ Երիկյանին։
Թելմանի խոսքով՝ ներկայացումը լի է հետաքրքիր իրադարձություններով, անսպասելի շրջադարձերով․ «Նոր դեմքերի հետ համագործակցության պարագայում կային պահեր, որ հեշտ էր, կային պահեր, որ դժվար էր։ Համենայն դեպս հաճելի էր աշխատել նոր մարդկանց հետ, ինչ-որ բաներ սովորել և ինչ-որ բաներ տալ»։

Ներկայացման դերասաններից Սամվել Թոփալյանի մոտ պրեմիերայից առաջ շատ բարձր տրամադրություն էր։ Ինչպես նա նշեց․ «Առաջնախաղային տրամադրությամբ, միևնույն ժամանակ նաև լարված։ Ամեն ինչ անում ենք հանդիսատեսի համար և մեծ պատասխանատվությամբ ենք վերաբերվում մեր գործին։ Հիմա դեռ չգիտենք, արդյոք, մենք կարդարացնե՞նք հանդիսատեսի սպասումները։ Այս թատրոնն ունի իր գեղագիտությունը, մտածողությունը, տեմպն ու ռիթմը, պետք է կարողանաս տեղավորվել այդ ամենի մեջ։ Թե որքանով է ստացվել, կարող ենք խոսել մի յոթ կամ ութ ներկայացումից հետո, երբ հասկանանք հանդիսատեսի արձագանքը»։
Լիա Զախարյանը ևս առաջին անգամ էր համագործակցում «Բոհեմ» թատրոնի հետ։ Նրա խոսքով՝ հայ աղջկա համար շատ բարդ է խաղալ ֆրանսուհու կերպար, քանի որ երբեմն ձայնի ինտոնացիան շատ հայկական է լինում։
«Երբևէ չեմ պատկերացրել, որ կաշխատեմ իմ սիրելի պարոն Դուրյանի հետ։ Հիշում եմ՝ շատ փոքր էի, երբ առաջին անգամ տեսա նրա «Շեղշե Լա Ֆամ» ներկայացումը, և միշտ մտածել եմ, թե արդյոք կկարողանամ երբևէ մի բեմում գտնվել այն մարդու հետ, ումից հասցրել եմ տեսողական դաշտով շատ բան սովորել և զգալ։ Շատ կուզեի այս ներկայացման իմ կերպարի՝ Էշլիի, նման լինեի շատ հասարակ, ամեն ինչին նայեի շատ թեթև, չվախենայի, չդատեի»,- ասաց նա՝ հավելելով, որ այս ներկայացմամբ սովորեց զգալ ու աշխատել չորրորդ պատի հետ, ինչը «Բոհեմ» թատրոնում ամենակարևոր կանոններից մեկն է։

Դերասան Խաչիկ Դարբինյանի համար աշխատանքային գործընթացները շատ հետաքրքիր են եղել, կոմեդիայի ժանրում էլի էր խաղացել, բայց այստեղ ոճն ուրիշ էր։
«Կերպարս շատ հետաքրքիրն է, այսպես կոչված բարի խորամանկ է, ինձ հետ բնավորության որոշ գծերով նման է, բայց ոչ շատ, տարբերությունները շատ են։ Հարկավոր էր բալանս գտնել, քանի կերպարս իտալացի էր, որը ապրել է ֆրանսիայում, բայց նաեւ հայ լինելս չպետք է երևար»,- նշեց նա։
Ներկայացման դերասանուհիներից Աննա Մարտիրոսյանը երկար տարիներ է, ինչ աշխատում է «Բոհեմ» թատրոնում։ Նրա խոսքով՝ սուղ ժամանակում են աշխատել, բայց մեծ սրտով․ «Նախապատրաստական շրջանը շատ հետաքիքիր էր անցնում, քանի որ պարոն Դուրյանի հետ ամեն փորձը կարծես նոր մաստեր կլասս լինի, երբ շատ սովորելու բան կա։ Ես մարմնավորում եմ Սեսիլին, ով պատրաստվում է բաժանվել ամուսնուց։ Սկզբնական շրջանում կերպարներից յուրաքաչյուրն իր էմոցիոնալ բարեկեցությունն է ընտրում, հետո հաղթում է սերը։ Կերպարիս նման եմ այնքանով, որ ես երբեք ոչինչ չեմ բարդացնում»։
Ներկայացման պրոդյուսերը Քրիստինե Հովհաննիսյանն է, պոստերի հեղինակը՝ Արվին Քոչարյանը։ «Օ՜ լա լա, մսյո Պոլ» ներկայացումը հաջորդիվ կլինի ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին, 15-ին, 16-ին և 18-ին։
