«Ես չեմ ողջունում մերօրյա միտումնավոր քարոզը երեխա չունենալու»․ Անի Քոչար

Լրագրող, մոտիվատոր Անի Քոչարն իր ֆեյսբուքյան էջում նոր հրապարակում է արել և կիսվել դստեր՝ Մարիայի հետ լուսանկարների շարքով։

«Ծանր քիմիաթերապիաները շատ բան են ջնջել իմ հիշողությունից, բայց կան դրվագներ, որոնք ես հիշում եմ այնքան վառ ու մանրամասն, կարծես թե հենց երեկ է տեղի ունեցել: Այդ պատկերները գլխումս են ու սրտումս. դրանցից է առաջնեկիս լույս աշխարհ գալը. Դավիթիս ծնունդի ամեն մի ակնթարթը անվնաս է հիշողությանս մեջ:

Նույնկերպ Մարիայինս (այժմ էլ ընկերություն չեմ անում հիշողության հետ. քիմիաներից հետո քովիդ, հետո բազմաթիվ նարկոզները…:

Այն, որ ասում եմ՝ մայրությունը լավագույնն է, ինչ ինձ հետ պատահել է այս կյանքում, լոկ խոսքեր չեն: Ինձ համար աշխարհի և ոչ մի հաջողություն ու փառք, ոչ մի ձեռքբերում և ունեցվածք ոչինչ է երեխաներիս գոյության համեմատությամբ:

Ես խրախուսում եմ ծնելիությունն ու բազմազավակությունը և ես չեմ ողջունում մերօրյա միտումնավոր քարոզը երեխա չունենալու (թե բա կյանքը մի անգամ է տրված՝ ապրիր քեզ համար կամ առանց երեխաներ էլ կարող ես երջանիկ լինել):

Այո՛, կարող ես և պետք է ինքնաբավ ու երջանիկ լինես նաև առանց երեխաների, սա այլ հարց է, բայց չեմ ուզում պատկերացնել, թե սերունդներ առաջ, եթե մարդկանց ուղեղը լցնեին երեխա չունենալու հարմարավետության գաղափարներով, ինչ կպատահեր (երևի միայն մահմեդականները կլինեին, նրանք խայծը կուլ տվողներից և մոլորակի բնակչությունը կրճատելուն միտված դատարկ քարոզներին ականջալուր լինողներից չեն:

Ամեն ոք ինքն է ընտրում և որոշում, իսկ ես սոսկ իմ մտքերն եմ բարձրաձայնում»,- գրել է Անի Քոչարը։