Երգիչ Mister X-ը՝ Արթուր Հակոբյանը, տարիներ շարունակ ապրում և ստեղծագործում է Լոս Անջելեսում։ Մեծ և փոքր համերգների, ինչպես նաև տարբեր միջոցառումների է մասնակցում։
«Ուրբաթ և շաբաթ օրերին մաեստրո Արմեն Մարտիրոսյանի նվագակցությամբ ելույթ ենք ունենում ( Atrium Glendale ) իտալո – հունական լավագույններից մեկը համարվող ռեստորանում»,-Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով մասնագիտական գործունեության, անձնական կյանքի ու դստեր մասին, պատմեց Mister X-ը։
Նրա խոսքով՝ աշխարհը շատ է փոխվել։ Փոխվել է նաև գեղեցիկի ընկալումը։ «Աշխարհը պատերազմի մեջ է, Հայաստանն էլ անմասն չմնաց այդ ամենից։ Սիրտ չի մնում տեսահոլովակ նկարելու, առավել ակտիվ լինելու, բացի այդ՝ Հայաստանից հեռու ապրելն այդ առումով բացասական է անդրադառնում»,- նշեց երգիչը։
Նա ասաց, որ այս պահին իր կյանքի ամենալուսավոր կետը 7-ամյա դուստրն է, ում հետ մանկանում է ու հավատում հրաշքներին։ «Աղջիկս իմ աշխարհն է, երջանկությունս։ Մենք բացի հայր ու աղջիկ լինելուց լավ ընկերներ ենք։ Նրա հետ ես գնում եմ դեպի մանկություն, խաղում ենք, նկարում, երգում, զավեշտալի երգեր հորինում։ Աղջիկս արդեն 7 տարեկան է, գրում ու կարդում է հայերեն, անգլերեն, 3 րդ լեզու սովորում է իսպաներեն, մի քիչ գիտի նաև ռուսերեն։ Շատ է սիրում, երբ պատմում եմ իմ մանկությունից, երբ ես իր տարիքին էի»,-պատմեց մեր զրուցակիցը։ Խոսելով անձնական կյանքից, երգիչն անկեղծացավ, որ բաժանումը բոլորի համար էլ ծանր է․ «Ցավոտ է, հատկապես, երբ կա երեխա։ Բայց չխոսենք այդ մասին»։
Mister X-ը պատմեց, որ աղջիկը ծնվել է ԱՄՆ-ում, բայց Հայաստանի մասին նրան հաճախ է պատմում։ «Պատմում եմ իմ մասին, իմ հոր մասին, պապիկ տատիկներիս մասին, մեծ հետաքրքրությամբ է լսում ու հույս ունեմ մի օր, երբ մեծանա միասին կգանք Հայաստան։ Ապրելու հարցում ինքը կորոշի, երբ ժամանակը գա»,- ասաց երգիչը ու հավելեց, որ ամեն ինչ անելու է, որ դուստրը մեծանալով՝ վերցնի գեղեցիկը, լավ ուսում ստանա։ «Երազում եմ, որ Հայաստանը համախմբվի Քրիստոնեության շուրջ, արժեքների այդ համակարգը դառնա դոմինանտ։ Ուզում եմ Հայաստանն ուժեղ լինի, հայը պատվելի, օրինակելի ազգ լինի անբողջ աշխարհում , ինչպես որ եղել է ժամանակին։ Շատ կուզեի նաև, որ հայրս ողջ լիներ»,- ամփոփեց Mister X-ը։

