Ժան-Կլոդ Վան Դամը հերքում է ռումինացի աղջիկներին բռնաբարելու լուրերը

Բելգիական արմատներով հոլիվուդյան դերասանին մեղադրանք է առաջադրվել Ռումինիայի կազմակերպված հանցավորության և ահաբեկչության հետաքննության տնօրինության կողմից (DIICOT): Ժան-Կլոդը կասկածվում է մարդկանց թրաֆիքինգի մեջ՝ սեռական շահագործման նպատակով, այդ թվում՝ անչափահասների։ Քննիչների տվյալներով՝ նա սեռական հարաբերություն է ունեցել Ռումինիայից հինգ աղջիկների հետ, որոնց «նվեր» է ստացել տասը տարի առաջ Ֆրանսիայի հարավում Կաննի կինոփառատոնում գտնվելու ժամանակ։ Գրում է FastNews.am-ը:

Դերասանի ներկայացուցիչ Պատրիկ Գոավը հայտարարություն է տարածել, որում կտրականապես դեմ է արտահայտվել Ռումինիայի անվտանգության ուժերի մեղադրանքներին։ 

Ինքը՝ դերասանը, մտադիր չէ քննարկել աղմկահարույց սեքս-սկանդալը։ «Պարոն Վան Դամը չի ցանկանում մեկնաբանել կամ խորացնել այս լուրերը, որոնք որքան անհեթեթ են, այնքան էլ անհիմն»,- մեջբերում է People-ը դերասանի, ռեժիսորի և սցենարիստի գործակալի խոսքերը։

Մեղադրանքներն առաջադրվել են ռումինացի գործարար և մոդելային գործակալության սեփականատեր Մորել Բոլեայի նկատմամբ հետաքննության շրջանակներում: Երկրի իշխանությունները նրան մեղադրում են սեռական թրաֆիքինգի զոհ դարձած կանանց շահագործման մեջ։ Գործը հարուցվել է այն բանից հետո, երբ ենթադրյալ զոհերից մեկը հայտնվել է: Կինը, ում անունը քննիչները թաքցնում են հանրությունից, պատմել է խնջույքի մասին, որին մասնակցել է Վան Դամն իր ֆիլմի պրեմիերայից հետո։

Փաստաբան Ադրիան Կուկուլիշն ասել է, որ աղջիկները գտնվում էին խոցելի վիճակում և ինտենսիվ հոգեբանական ճնշման տակ: Նրանք Կանն էին բերվել որպես ֆոտոմոդելներ, բայց իրականում նրանք պետք է ինտիմ ծառայություններ մատուցեին փառատոնի ազդեցիկ հյուրերին։