Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասաններն ահազանգում են, որ արդեն 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում:
«3 ամիս է Քաղաքապետարանը մեր թատրոնի աշխատավարձը չէր փոխանցում, որից մենք տեղյակ չէինք, որովհետև Էմիլ Թորոսյանը թատրոնի ռեսուրսներով մեզ 2 ամիս վճարել էր: Այս ամիս խնդրի առաջ կանգնեցինք, որովհետև արդեն ամսի 15 էր և աշխատավարձ չկար:
Քաղաքապետարանում մեզ որևէ հստակ պատասխան չտվեցին, մոտավորապես պարզ դարձավ, որ Քաղաքապետարանը թատրոնի ղեկավարության հետ որոշակի խնդիրներ ունի, թե անձնական, թե գործնական՝ չգիտեմ, բայց դա է պատճառը, որ աշխատավարձ չեն փոխանցում:
Խոստացան 5 օրվա ընթացքում այդ հարցը լուծել, բացի այդ պահանջեցինք, որ Քաղաքապետարանի ներկայացուցիչը մեր հերթական ժողովին ներկա լինի և պատասխանի մեր բոլոր հարցերին»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Պատանի հանդիսատեսի թատրոնի ռեժիսոր, դերասանուհի Շուշան Ղազարյանը:
Նշենք, որ դերասանուհի Անահիտ Ղուկասյանն, ով 60 տարի աշխատում է ՊՀԹ-ում, ստանում է 86 հազար դրամ աշխատավարձ:
«Եթե ես չնկարվեի ֆիլմերում, ինչո՞վ էի ապրելու: Ամեն ինչի գինը բարձրացնում են, չեն մտածում, որ դրա հետ մեկտեղ պետք է աշխատավարձը բարձրանա»,-Քաղաքապետարանի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ նշում է դերասանուհին: