Էմինեմը նշում է սթափության 17 տարին

Էմինեմը շարունակում է ոգեշնչել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում ոչ միայն իր երաժշտությամբ, այլ նաև կախվածության դեմ պայքարով։ Ապրիլի 20-ին ռեփերը նշել է իր կյանքում կարևոր տարեթիվը՝ 17 տարվա սթափությունը։

«Հիշում եմ, երբ ես առաջին անգամ սթափվեցի, և այդ ամբողջ հիմարությունը դուրս եկավ իմ միջից, ես այնքան երջանիկ էի, և ամեն ինչ այնքան նոր էր ինձ համար»,- հիշել է երաժիշտը սոցիալական ցանցերում:

Այդ ժամանակից ի վեր արտիստի կյանքում շատ բան է փոխվել։ Էմինեմը բարելավել է իր հարաբերությունները սիրելիների հետ, վերանայում է իր կյանքի արժեքները և վերականգնել է վերահսկողությունն իր կյանքի նկատմամբ:

Հիշեցնենք, որ 2007-ին ալկոհոլի և ապօրինի նյութերի հետ կապված խնդիրները ռեփերին հասցրել էին ծայրահեղ ծանր վիճակի։ Սակայն մեկ տարի անց ռեփերը սկսեց վերականգնման ուղին։ Տարիների ընթացքում Էմինեմն իր երգերում անդրադարձել է կախվածության թեմային՝ օգնելով ուրիշներին հաղթահարել ծանր շրջանը։ Այսօր նա կենդանի ապացույցն է այն բանի, որ փոփոխություններ հնարավոր են, եթե դու պատրաստ ես պայքարել քո կյանքի համար։ Եվ նրա 2010 թվականի Recovery ալբոմը նոր էջ նշանավորեց նրա կարիերայում՝ ազնիվ, հասուն և ոգեշնչող: