Հասմիկ Կարապետյանն ու ամուսինը՝ Շանթ Կիրմիզյանը, հյուրընկալվել են Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM ՍԷՐ» հաղորդմանը։ Զույգը խոսել է ծանոթության, հարաբերությունների դժվարությունների, ընտանիքն ամուր պահելու գաղտնիքների և կարիերայի մասին։ Հայտնում է Fastnews.am-ը:
«Եթե այս աղջկան հանդիպեմ, կամուսնանամ նրա հետ»
Հասմիկ Կարապետյան – Սկզբում օնլայն էինք շփվում։ Հետո անցանք իրական շփման։ Մեր պատմությանը մի քիչ միստիկ բնութագիր կտամ, որովհետև անհնարինը դարձավ հնարավոր։ Միմյանցից շատ հեռու երկրներում ծնված, տարբեր միջավայրերում ու մշակույթներում մեծացած մարդիկ հանկարծ հանդիպեցին։ Շանթն այնքան է ցանկացել, որ մենք հանդիպենք, որ նրա ցանկությունն իրականացել է (ժպտում է, – հեղ․)։
Շանթ Կիրմիզյան – 17-18 տարեկան էի՝ տեսա Հասմիկի «Հոգիս» տեսահոլովակը։ Հորս ասացի՝ եթե այս աղջկան հանդիպեմ, կամուսնանամ նրա հետ։ 2012 թվականին սկսեցինք խոսել։ 2013-ին արդեն Հայաստանում էի։
Հասմիկ Կարապետյան – ԴերՀովան մեկնել էր Կանադա՝ համերգների։ Շանթն իմացել էր, որ Հարութը գնալու է Տորոնտո։ Մեքենայով 2․5 ժամ գնացել էր, որ Հարութի հետ ծանոթանար։ Ինձ հանդիպելու ճիշտ ճանապարհը գտել էր։ Հետո ԴերՀովան ասաց՝ մտիր, էջը նայիր։ Շանթը շատ ազատ կյանքով էր ապրում։ Հայաստանում ծնված, մեծացած աղջկա համար այդ ազատությունը շատ էր։ Շանթը միշտ ասում է՝ քո կողքին ես ավելի լավը դարձա։ Շատ եմ գնահատում նրա այդ խոսքը։ Ասում է՝ որքան լավ է, որ եկավ Հայաստան ու սկսեցինք միասին ապրել այստեղ։ Հաճախ ասում է՝ հիմա այսինչ բանը չէի անի, ինչը նախկինում արել է։ Ասում եմ՝ ինչ լավ է, որ ժամանակին արել ես և հիմա աչքդ կուշտ է։ Հիմա նրա համար կա 1 կարևոր գաղափար՝ ընտանիք և երեխաներ։
«Տղա ջան, պատրա՞ստ ես Հասմիկ Կարապետյանի ամուսինը լինել»
Շանթ Կիրմիզյան – Հիմա ես ավելի ավանդական եմ, քան Հասմիկը։ Շատ եմ սիրում ընտանեկան կյանքը։ Իհարկե, ամուսինները պետք է բոլոր հարցերը միասին քննարկեն, բայց վերջին խոսքը իմն է։
Հասմիկ Կարապետյան – Երբ Շանթը եկավ հայրիկիցս ձեռքս խնդրելու, հայրս շատ հավանեց նրան։ Զգաց, որ ունի մի շատ լավ առավելություն՝ կատարյալ ազնիվ է իր ու մյուսների հետ։ Չի սիրում խաղալ, միշտ այնպիսին է, ինչպիսին կա։ Պապաս, դա զգալով և ինձ էլ շատ լավ ճանաչելով, 2 անգամ հարցրեց՝ տղա ջան, պատրա՞ստ ես Հասմիկ Կարապետյանի ամուսինը լինել։ Շանթն էլ վստահորեն ասաց՝ այո՛։ 2 շաբաթ շփվեցինք, 2 ամիս հետո վաճառեց տունը, մեքենան, թողեց աշխատանքն արտասահմանյան շատ լավ ընկերությունում և եկավ Հայաստան։ Ճիշտն ասած՝ ինձ համար դա մի քիչ միստիկ էր։ Նույնիսկ վախենում էի, ասում էի՝ մի արի։ Քույրս, տեսնելով իմ կտրուկ արձագանքը, Շանթին գրեց, որ ուշադրություն չդարձնի իմ խոսքերին և գա։
«Երբ շփվեցի Շանթի ծնողների հետ, հասկացա, թե ինչու Շանթը»
Հասմիկ Կարապետյան – Մեր ավանդական սկեսուր-սկեսրայրներից հետո Շանթի ընտանիքի հետ այնքան հեշտ է։ Ունեցել եմ այնպիսի փորձ, երբ ամեն հարց սկեսուր-սկեսրայրիս հետ պետք է քննարկեի։
6 ամսով ես, Շանթը և մեր դուստրը՝ Տաթևը, գնացինք Կանադա։ Այդ ժամանակ Շանթն այնտեղ էր աշխատում։ Երբ հանդիպեցինք սկեսուրիս, նա այնքան տակտի զգացում ուներ, որ նույնիսկ չէր ուզում խորհուրդ տալ, թե որ կաթով կերակրեմ երեխային։ Երբ նշանված էինք, ես, Շանթն ու սկեսրայրս միասին փաբ ենք գնացել։ Երբ շփվեցի Շանթի ծնողների հետ, հասկացա, թե ինչու Շանթը։ Իմ նման հոգու ազատություն ունեցող մարդուն, ով չի ամաչում իր տեսակից ու անմիջականությունից, նրանք այնքան լավ ընդունեցին։ Մինչև այդ ունեցել էի հարաբերություններ, բայց դեպի ամուսնություն չէին գնացել, որովհետև իմ տեսակը բոլորի համար վառ էր։
Շանթ Կիրմիզյան – Այդ ժամանակ այդքան լավ չէի պատկերացնում բարդությունները, բայց չէի էլ վախենում։ Երբ մարդը նեղված է, բարկացած, հնարավոր է՝ լինեն մտքեր, որ այլևս ցանկություն չկա հարաբերությունները շարունակելու, բայց տարիքի հետ գիտակցում ես, որ չպետք է թողնես այդպիսի մտքեր ծնվեն գլխումդ։ Դա շատ վտանգավոր է։ Մենք ամուսիններ ենք եւ պիտի պայքարենք մինչև վերջ։ Երբ բարկացած ես, պիտի խոսես մարդու հետ, որ լուծես այդ խնդիրը։
Հասմիկ Կարապետյան – Երբ կողակցիդ ընդունում ես իր բոլոր թերություններով և առավելություններով, չես փորձում դաստիարակել և դարձնել քեզ նման, երջանիկ կլինես։ Նա էլ նույն կարծիքն ունի։ Զգաց՝ երբ ինձ ճնշում է, ավելի վատն եմ դառնում։ Երևի, 3-5 տարի է, ինչ հանդարտվել ենք։ Թեև բախումներ միշտ էլ լինում են և կլինեն, բայց սկսել եմ այլ աչքով նայել այդ ամենին։ Փորձում եմ նրան էլ դա ցույց տալ։