Արտաշես Ալեքսանյանը հյուրընկալվել է «Կյանքի ուղիներով» հաղորդմանը։ Դերասանը խոսել է մասնագիտության ընտրության, թատրոնից հեռանալու, պատերազմի, գերության և ընտանիքի մասին։ Հայտնում է Fastnews.am-ը:
Փողոցային վեճ, որ դարձավ ճակատագրական
Ավարտել եմ Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցը։ Որևէ մասնագիտություն սովորելու մասին չէի մտածում։ Սիրում էինք ընկերներով փողոցում ժամանակ անցկացնել։ Մի անգամ փողոցում վիճում էինք, բարձր բղավում, Արթիկի մշակույթի տնից դուրս եկավ ռեժիսորն ու ասաց՝ «Փորձ ենք անում, ձայն մի հանեք, խելոք մնացեք»։ Ընկերս շատ բարձր ձայն ուներ։ Նրան կանչեց իր մոտ։ Ընկերոջս ասացի՝ «Ես էլ գամ»։ Ասաց՝ «չէ, դու խուլիգան ես, ո՞ւր գաս»։ Ի վերջո գնացի։ Ռեժիսորը տեքստ տվեց, բեմում կարդում էինք։ Ընկերոջս ձայնը չէր լսվում, իսկ իմը՝ զրնգում էր։ Արդյունքում՝ ընտրվեցի գլխավոր դերակատար։ Ավելի ուշ այսօրվա Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան ընկերներս ինձ ծանոթացրին տրոյլեբուսի վարորդ Աշիկի հետ, ով նաև ռեժիսոր էր։ 8-րդ դասարանն ավարտելուց հետո պետք է գայի Գյումրի, որպեսզի սովորեի թատերական ստուդիայում և խաղայի վարորդ Աշիկի ժողովրդական թատրոնում։ Նա բեմադրեց «Սիամանթո և Խջեզարեն», բայց չխաղացինք։ Հայրս ուզում էր՝ դառնայի ճանապարհային ոստիկան։ Գնացի սովորեցի և ստացա ճանապարհային ոստիկանի դիպլոմ։ Բերեցի, դրեցի հորս առջև ու տեղափոխվեցի Երևան՝ սովորելու Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում։ 2 տարի սովորեցի Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ։
2 համալսարան ընդունվելու փորձ, որը դարձավ փորձություն
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդունելության մասնագիտական առարկաների քննությունները գերազանց հանձնեցի։ 3-րդ քննության օրն իմացա, որ թատերականի շենքում ընթանում են նաև Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտի ընդունելության քննությունները։ Որոշեցի մասնակցել։ Վերցրի ազատ թեմա՝ «Երջանկությունն իմ պատկերացմամբ»։ Բացեցի թուղթն ու գրեցի՝ «Օ՜, ինչ երջանիկ է նա, ով ծնվում է բնության գրկում»։ Շուտ հանձնեցի թուղթը, որ վազեմ ռուսերենի քննությանը։ Այդ պահին եկավ մի դասախոս ու հարցրեց՝ «Տղա ջան, դու 2 տե՞ղ ես քննություն տալիս»։ Ասացի «Այո, շատ եմ ուզում սովորել»։ Տարան ռեկտորի մոտ։ Նա բացեց գրածս, վրան խաչ քաշեց ու մեծ 2 դրեց։ Որևէ տեղ չընդունեցին։ Դուրս եկա, հիասթափված քայլում էի, մի մարդու տեսա ու հարցրի՝ «Եթե Դուք շատ ուզեիք սովորել, մասնագիտականները գերազանց ստանայիք և Ձեզ չընդունեին այն պատճառով, որ ուզում եք 2 համալսարան ընդունվել, ի՞նչ կանեիք»։ Իմացավ, որ Թատերական ինստիտուստն է։ Ասաց՝ «Արի հետևիցս»։ Գնացինք իր սենյակ, դռան վրա գրած էր՝ «Խոջամիրյան Յուրի Երվանդիչ»։ Զանգեց ռեկտորին և ինձ ընդունեցին համալսարան։ Չմնացի Հայաստանում, տեղափոխվեցի Մոսկվա։ Ուսումնառության վերջին տարիներին սովորեցի Արմեն Ջիգարխանյանի արվեստանոցում։ Ուսումս ավարտեցի, ուզում էի մնալ Մոսկվայում, բայց Ջիգարխանյանն ինձ Հայաստան ուղարկեց։ Զգում էր, որ հայ բեմն իմ կարիքն ունի։ Վերադարձա հարազատ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։
Պատերազմն ու գերությունից հրաշքով փրկվելը
1990-ականներին գնացի պատերազմ։ 4 ընկերներով գերի ընկանք։ Ճանապարհին մեքենան մեծ փոսում հայտնվեց, ես էլ ընկա մոտակա ճահիճը։ Թշնամին 2 «Կամազով» հսկում էր ճահիճը։ Երբ շարժվում էի, կրակում էին։ Մի քանի անգամ կրակելուց հետո հեռացան՝ մտածելով՝ սպանել են։ Մոտեցա չոր ծառին ու ձեռքերս այնքան քսեցի մինչև պարանը կտրվեց։ Գրպանիս հեռախոսի համարների նոթատետրը դրեցի այդ ծառի փչակում։ Մտածում էի՝ եթե խեղդվեմ, այդ փչակից կհանեն նոթատետրը, կզանգեն ու կիմանան՝ ով է այդտեղ խեղդվել։ Գիշերը 03։00-04։00-ի սահմաններն էր ու շատ մութ։ Սկսեցի աղոթել։ Հանկարծ լույս տեսա ու շարժվեցի այդ ուղղությամբ։ Նույն պահին ուժեղ քամի եղավ ու բոլոր եղեգները պառկեցին։ Ձեռքս մեկնեցի ու զգացի, որ ցամաքին եմ հասել։ Մոտեցա մի պարսպի և դուռը թակեցի։ Բացեց մի պապիկ, հրավիրեցին ներս, տատիկը թզով թեյ հյուրասիրեց։ Առավոտյան գնացի Ստեփանակերտ։ Երբ վերադարձա Երևան, գնացի իմ արհեստանոց։ Տեսա՝ դուռը ջարդած է, ամեն ինչ՝ գողացած։ Մտածեցի՝ ում համար եմ կռվել։ Ամենացավալին դա էր։