1 տարի առանց Շառլ Ազնավուրի

1 տարի է, ինչ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ: Նա կյանքից հեռացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում:
Շանսոնյեի մահը սգում էին ոչ միայն Հայաստանն ու Ֆրանսիան, այլև ամբողջ աշխարհը: Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը տեղի ունեցավ հոկտեմբերի 5-ին «Հաշմանդամների պալատում»:  Ներկա էին Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը, նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը: Նրա մահվանից հետո Ազնավուրի հիշատակին նվիրված մոմավառություններ կազմակերպվեցին բազմաթիվ երկրներում, նրա մասին խոսուն ելույթներով հանդես եկան պետական, քաղաքական, մշակույթի գործիչները, հոգևոր այրերը:

Ազնավուրը նկարահանվել է վաթսունից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն: Գրել է հազարից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն»…
Նրա ունեցած մեծ դերը հայ ժողովրդի կայնքում անասելի մեծ է. Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը՝ Հայաստանին» հիմնադրամը:

Արդեն մեկ տարի է, ինչ աշխարհը կորցրեց մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրին, ով երգում էր մարդկային հույզերի, անհատի և մարդկության ամենանվիրական զգացմունքների, սիրո և հայրենիքի մասին: