«Պատերազմ և քոչարի» ֆիլմի երևանյան պրեմիերան. լուսանկարներ

Մայիսի 1-ին «Կինոմոսկվայում» տեղի ունեցավ Սարիկ Անդրեասյանի «Պատերազմ և քոչարի» ֆիլմի պրեմիերան։ Ռազմահայրենասիրական դրաման նվիրված է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին։

Նախքան ֆիլմի ցուցադրությունը հնչեցին պատերազմի հայտնի երգեր, որոնք վայելեցին Հայրենական պատերազմի վետերաններն ու հյուրերը։

Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Այն պատմում է հայկական հեռավոր գյուղից ռազմաճակատ մեկնած երեք ընկերների մասին, ովքեր արիաբար պայքարում են՝ պաշտպանելով հայրենի տունն ու հողը։ Պատերազմի դաժան թոհուբոհում նրանց ուժ է տալիս երաժշտությունը։

Հերոսներն անցնում են պատերազմի ողջ դժվարությունները և վերջապես հասնում Բեռլին։ Ռայխստագի մոտ հայ զինվորները, զուռնայի և դհոլի հնչյունների ներքո, պարում են հաղթական քոչարին՝ դարձնելով այն հաղթանակի խորհրդանիշներից մեկը։

Պրեմիերային ներկա էր նաև ֆիլմի պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը՝ Սարիկ Անդրեասյանի եղբայրը։

«Սարիկն այսօր ներկա չէ հարգելի պատճառներով՝ նրա կինը 4-րդ երեխային է ծննդաբերելու է։ Առհասարակ, մենք ամեն տարի Հայաստան ենք գալիս մեր ընտանիքներով։ «Պատերազմ և Քոչարի» ֆիլմի գաղափարն առաջացել էր դեռևս 2016-ին, եկանք Հայաստան, հանդիպեցինք Ռուբեն Ջաղինյանին։ Մենք ցանկանում էինք անդրադառնալ Հայրենական պատերազմին, քանի որ շուրջ 600 հազար հայ մասնակցել է պատերազմի գործողություններին, այդ թվում՝ մեր պապերը։ Սա մեզ համար խորապես հարազատ թեմա է։ Չնայած այսօր Խորհրդային Միությունն այլևս գոյություն չունի, այն ժամանակվա պայքարը մեր ընդհանուր պատմությունն է, և հաղթանակը՝ համամարդկային արժեք։ Ֆիլմում ներկայացրել ենք Ռայխստագի մոտ զուռնայի և դհոլի հնչյունների ներքո հաղթական Քոչարի պարող հայ զինվորներին։ Տեսած արխիվային կադրերից պարզ դարձավ՝ Բեռլինում դհոլ ու զուռնա գտնել հնարավոր չէր, ինչը նշանակում է՝ նրանք այդ գործիքները պատերազմի դաշտ էին տարել՝ գիտակցված ռիսկի գնալով, որովհետև դրանք արգելված էին։ Այստեղից էլ հասկացանք՝ այս պատմությունը պետք է պատմվի հենց երաժիշտների միջոցով։

Այս ֆիլմով նաև հավերժացնում ենք մեր պապերի հիշատակը, որոնց շնորհիվ մենք այսօր ապրում ենք ու ստեղծում։ Ես և Սարիկը միշտ միասին ենք աշխատում, մոտ 100 համատեղ նախագիծ ունենք։ Ամեն հինգ տարին մեկ Հայաստանին նվիրված մի աշխատանք ենք իրականացնում. նախորդը «Երկրաշարժ» ֆիլմն էր։ Այս նախագիծը չենք ստեղծել գումար վաստակելու համար։ Սա մեր ներդրումն է, մեր ներքին գիտակցումը, թե որքան կարող ենք անել՝ անշահախնդիր։ Չեմ հավատում, որ հնարավոր է պատերազմի մասին ֆիլմ նկարահանել ու դրա վրա գումար աշխատել։ Այս թեման մեր սրտին մոտ է, և ապագայում ևս շարունակելու ենք նախագծեր իրականացնել՝ նվիրված Հայաստանին։ Զվարճացնելը մի առաքելություն է, իսկ հետք թողնելը՝ բոլորովին այլ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ղևոնդ Անդրեասյանը:

Դերասան Տարոն Իսպիրյանի (Պոնչի) համար այս աշխատանքը խորհրդանշական էր, քանի որ առաջին անգամ կատարել է ֆիլմի կրկնօրինակում.

«Շնորհակալ եմ ֆիլմի ստեղծողներին։ Հայերը մեծ ներդրում են ունեցել Հայրենականում։ Ի դեպ, պապիկս տանկիստ է եղել։ Երբ առաջարկ ստացա, անմիջապես համաձայնվեցի։ Ֆիլմում հայերը ներկայացված են արժանապատվորեն։ Ինձ համար հոգեհարազատ թեմա է: Շատ հետաքրքիր փորձ էր։ Կարելի է ասել՝ պետք է վերապրես ամեն այն պահը, ինչ կատարել է տվյալ դերասանը։ Ինձ և իմ հերոսին՝ Արտաշին, միավորում էր խառնվածքի նմանությունը. նա բարի աուրա ունի, նույնն էլ են ինձ հաճախ ասում։ Իհարկե, բավական բարդ էր սեփական ձայնը լսել էկրանից, բայց կարծում եմ՝ ստացվել է։ Իհարկե, միշտ կարելի է ավելի լավ անել, բայց արդյունքից գոհ եմ։ Սիրով կմասնակցեի նմանատիպ նախագծում՝ արդեն որպես դերասան»։

Իսկ դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով ներկա էր պրեմիերային, ֆիլմի ավարտին չկարողացավ զսպել արցունքները։

Ֆիլմի մասին
Ռեժիսոր՝ Սարիկ Անդրեասյան
Սցենարիստներ՝ Ալեքսեյ Գրավիցկի, Սերգեյ Վոլկով
Օպերատոր՝ Անատոլի Սիմչենկո
Կոմպոզիտորներ՝ Արտաշես Անդրեասյան, Մանուկ Ղազարյան, Էդգար Հակոբյան
Մոնտաժ՝ Գեորգի Իսահակյան
Պրոդյուսերներ՝ Սարիկ Անդրեասյան, Ղևոնդ Անդրեասյան, Ռուբեն Ջաղինյան

Դերերում՝ Դավիթ Մխիթարյան, Դավիթ Կոտով-Հովհաննիսյան, Սերգեյ Մելքոնյան, Պավել Պրիլուչնի,
Աննա Եղոյան, Մարջան Ավետիսյան, Միքայել Ջանիբեկյան, Զեփյուռ Բրուտյան և ուրիշներ։

Ֆիլմը կրկնօրինակվել է հայերեն «Շարմ Հոլդինգի» «S’harmony» ստուդիայում։ Մայիսի 1-ից ֆիլմը կցուցադրվի նաև Երևանի բոլոր կինոթատրոններում, ինչպես նաև մարզերում։