«6 տարի հանդիպում էի այլ տղայի հետ, հայտնվեց Սոսը, սկսեցի հանդիպել Սոսի հետ, չպետք է ցավեցնեի այդ տղային»․ Լյուսի Հայրապետյան

Ավելի քան 1 ամիս է՝ Լյուսի Հայրապետյանը տեղափոխվել է Դուբայ։ Այս և այլ թեմաների մասին մոդել, հաղորդավարուհին զրուցել է Ամալյա Հովհաննիսյանի «LIFEROOM» հաղորդման ընթացքում։ Հայտնում է FastNews.am-ը:

«Չեմ ուզում պատահական մեկից երեխա ունենալ»

Կար ժամանակ, երբ ուզումի ընտանիք կազմել ու «մամա» դառնալ։ Շրջապատում բոլորը երեխա ունեին, ես էլ էի ուզում։ Երբ բժիշկն ասաց, որ հնարավոր է՝ չմայրանամ, շատ խոցելի էի դարձել և աննպատակ։ Մի քանի տարի կորցրի բժշկի սխալ ախտորոշման պատճառով։ Ինձ համար ամենացավոտ թեման էր։ Կար ժամանակ, երբ մայրանալն ինձ համար երազանք էր, բայց հիմա այն կարող եմ իրականացնել ցանկացած պահի։ Կա ձվաբջիջ հավաքելու, արտամարմնային բեղմնավորման կամ փոխնակ մոր տարբերակը։ Այն ժամանակ մայրանալու ցանկությունն ինձ շատ էր լարում։ Ում հետ հանդիպում էի, նրա մեջ երեխայիս հորն էի տեսնում։ Հետո հասկացա՝ այնքան դժվար է երեխա ունենալ մեկից, ում հետ անընդհատ վիճում եք։ Ունենում էի ընկերներ, որոնց հետ ինձ լավ էր, բայց ես երջանիկ չէի։ Այդ դեպքում իմաստ չկար տվյալ անձից երեխա ունենալ և նրա նման երկրորդին ունենալ կողքիդ։ Չեմ ուզում պատահական մեկից երեխա ունենալ։ Ուզում եմ երեխաս լինի իմ սիրած մարդուց և մեծանա ընտանիքում։ Չեմ ուզում միայնակ մեծացնել, քանի որ երեխան պետք է տեսնի իմ պատկերացրած սերն ու հարգանքը։

«Սոսից սիրելով եմ բաժանվել»

Սոսից սիրելով եմ բաժանվել։ Ես եմ թողել նրան։ Այդ ժամանակ ունեի խնդիր, իսկ Սոսը չցանկացավ օգնել ինձ լուծելու այն։ Մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին, բայց այդ քայլը չեմ արել։ Վստահ եմ՝ եթե այդ շրջանում վերադառնայի, Սոսն ինձ կընդուներ։ Բայց համոզվել եմ՝ եթե որևէ բան կոտրվում է, շարունակելն անհնար է։ Սոսը եղել է այն մարդը, ում չեմ ափսոսում, որ ունեցել եմ կյանքումս։
Սոսից առաջ բավական լուրջ հարաբերություններ ունեի։ Մոտ 5-6 տարի հանդիպում էի այլ տղայի հետ։ Հետո հայտնվեց Սոսը, բաժանվեցի ու սկսեցի հանդիպել Սոսի հետ։ Ընկերս ինձնից 12 տարի մեծ էր, բավական լուրջ, հասուն ու կայացած էր։ Գնում էինք հանգստանալու, նստում էր ծածկի տակ, ինձ ասում՝ գնա, լողա։ Գնում էինք «Հելոուին», ասում էր՝ պարիր, ես նայեմ։ Նեղվում էի, որ ինձ հետ չի «ջրիկանում»։ Ինչ-որ պահի հասկացա, որ ինձ Սոսի հետ ավելի ուրախ է։ Երբեմն մտածում եմ, որ պետք չէր այդ հարաբերությունները թողնել ու սկսել նորը Սոսի հետ։ Ներկայիս Լյուսին այլ կերպ կվարվեր, չէր տրվի էմոցիաներին։ Ճիշտ է՝ Սոսի հետ 1․5 տարի շատ երջանիկ ենք եղել, բայց չպետք է 6 տարվա ընկերոջս հետ այդպես վարվեի։ 6 տարի ունեի հավատարիմ ընկեր ու նրան ցավեցրի։ Հայրիկիս պատմեցի, ասաց՝ սխալ ես արել։ Ես արդար մարդ եմ և չեմ սիրում, որ լավ մարդկանց հանդեպ լինում եմ անարդար։ Բայց այդ դեպքում եղել եմ անարդար։ 1 շաբաթ հետո այդ տղային տեսա՝ 20 կգ նիհարել էր։ Սոսից հետո միացանք, բայց երկրորդ անգամ չստացվեց։ Եթե այդ ժամանակ չթողնեի ընկերոջս, հիմա կլինեինք ամուսնացած, կունենայինք 4-5 երեխա, կլինեի երջանիկ։ Անձնական կյանքս չի ստացվել, որովհետև միշտ դիմացինին ավելի շատ եմ սիրել, քան ինձ։ Որոշել էի մի ամբողջ կյանք ծառայել ու լավը լինել դիմացինի համար, փոխարենը պետք է լինեի այնպիսին, ինչպիսին կամ, այնպես, ինչպես ինձ է հարմար։ Ամենաերկար ժամկետը, որ միայնակ եմ մնացել, 1 ամիսն է։ Սիրում եմ լինել հակառակ սեռի ուշադրության կենտրոնում։ Եղել են տղաներ, ովքեր ցանկացել են ինձ «կպցնել», բայց սիրահարվել են և ուզել ամուսնանալ։ Ունեցել եմ ընկեր, ով ցանկացել է ամուսնանանք, բայց ընտանիքն այլ աղջկա էր պատկերացնում իրենց տղայի կողքին։

Արտաքին միջամտություններ

Քթիս 3 վիրահատությունն էլ շատ անհաջող էր։ Չէի շնչում։ Նոր բժիշկս առաջարկեց և՛ քիթս, և՛ դեմքս վիրահատել։ Շատ հեշտ եմ կայացնում նման որոշումներ։ 1 օրում որոշեցի, 2 օր հետո վիրահատեցի։
Վերջին շրջանում, հիմնականում, անձնական հարաբերությունների պատճառով շատ էի նիհարել։ 59-ից դարձել էի 50 կգ։ Դեմքս փոխվել էր և ինձ դուր չէր գալիս։ 1-2 տարի սպասեցի ու հասկացա՝ եթե քիթս այսպես, թե այնպես պետք է վիրահատեմ, ապա դեմքս էլ կանեմ։ Մարմնիս վրա որևէ փոփոխություն չեմ կատարել։

«Շատ եմ կարոտում ծնողներիս»

Մայրս շատ ծանր է տանում իմ՝ Դուբայ տեղափոխվելը։ Ամեն գնալուցս պատուհանից լացում է։ Տարիքի հետ ծնողներիս սկսեցի այլ ձևով սիրել։ Երբ մոտենում ես ծնող դառնալու տարիքին, հասկանում ես՝ որքան դժվար է լինել ծնող։ Շատ եմ կարոտում ծնողներիս։

Մայրս շատ է կարևորում հասարակության կարծիքը, իսկ հայրս ասում է՝ քո կյանքն է, ապրիր։ Մալդիվներում էի, երբ առաջին անգամ լողազգեստով լուսանկար հրապարակեցի։ Մայրս զանգեց, ասաց՝ եթե այդ լուսանկարը չջնջես, դու այլևս մայր չունես։ Հաջորդ օրը զանգեց՝ փաստորեն դու մայր չունես։ Մյուս օրը զանգեց՝ ես քո հետ չգիտեմ՝ ինչպես վարվեմ։ Հարցրի՝ ես մամա ունե՞մ։ Ասաց՝ այո՛։ Պարբերաբար հայրիկիս ինստագրամի էջս եմ ցուցադրում, որ տեղյակ լինի՝ ինչ հրապարակումներ եմ անում։ Երբեմն քույրս էլ է նկատողություն անում, բայց դրանից մեր մտերմությունը չի տուժում։ Շնորհակալ եմ ծնողներիս, որ ունեմ աշխարհի լավագույն քույրը։