«Ոմանց պատկերացումներում նման երաժշտական ֆորմատներում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ «Հայլուրի» հաղորդավարը». Սյուզաննա Մելքոնյանը՝ «Հայ Սուպերսթար» նախագծի մասին

««Հայ Սուպերսթար» նախագծում ընտրվելով ժյուրի, ես ինձ չեմ դիտարկել դատավորի դերում, ով ճակատագրեր է վճռում, այլ դիտարկել եմ այն Սյուզաննայի դերում, ով ինքն իր անցած հետագիծը և խորդուբորդ ճանապարհը հաշվի առնելով` ամեն հնարավորը կանի, որպեսզի իրական տաղանդը և իրական տաղանդավորը գնահատվի: Որոշ սուբյեկտներ ինձ խաչի են բարձրացնում այն բանի համար, որ նախագծի մասնակցին համարձակվել եմ հաճոյախոսություն անել ու խոսել նրա գեղեցկությունից, որով ես հիացած էի, ի տարբերություն ձայնային տվյալների:

Իհարկե, սա հենց այն ծանրագույն «հանցագործությունն» է, որի համար «ինձ պետք է խարույկի վրա այրել»: Իրենց պատկերացումներում նման երաժշտական ֆորմատներում ժյուրին պետք է նույն վիճակում լինի, ինչ ասենք, օրինակ, «Հայլուրի» հաղորդավարը, թեպետ հենց իրենք իրենց «հումորային» բլոգերում թիրախավորում են ամեն ինչ՝ սկսած մարդու տեսքից, վերջացրած քաշով, սոցիալական կարգավիճակով, տարիքով և այդ ամենի անունը դնում «հումոր»:   

Նրանց նպատակը մեկն է՝ ինքնահաստատվել և ունենալ ուշադրություն, սակայն երբ որոշումներիդ մասնագիտական մասով ասելիք չունեն, արդեն «փրփուրներից են կառչում» ու ամեն բառից, որ արտաբերում ես: Ապշել կարելի է, երբ քեզ վիրավորելով խոսում են «էմպատիայից»:  

Հանդիսատեսը միշտ տալիս է իր անաչառ գնահատականը քո աշխատանքին և լավ կարողանում է տարբերել իրական մարդկային որակներ ունեցողին՝ ֆեյք հումանիստից: Մարդ մնացեք, գոնե փորձեք: Խաղաղություն պարզություն, մաքրություն եմ մաղթում յուրաքանչյուրին»,- գրել է երգչուհին: