Երեկ՝ մայիսի 22-ին, Կինոմոսկվայում Շառլ Ազնավուրի ծննդյան 101-ամյակին նրա մեղեդային ու գեղեցիկ երգերից մեկը հնչեց հայերեն։ Ton nom` «Անունդ» երգը կատարում են երիտասարդ արտիստներ Միքայել Սարգսյանն ու Լիլան։
«Մտածում էինք՝ ինչ գործ վերցնել ու կանգ առանք այս երգի վրա։ Նպատակ էինք դրել վերցնել այնպիսի ստեղծագործություն, որը քիչ է լսված, և կարծում ենք, որ այս տարբերակը նոր շունչ կտա երգին»,- News.am-ին ասել է երգչուհին։ Լիլայի խոսքով՝ այս երգն իրենց խորհուրդ է տվել գործիքավորող Թաթոս Հակոբյանը։
Միքայելը հավելում է, որ Արտակ Հերիքյանը, ով կատարել է երգի գեղարվեստական թարգմանությունը, «փառահեղ» է արել իր աշխատանքը։ «Արտակի հետ շատ երկար ճանապարհ ենք անցել, անընդհատ շփվում էինք ամեն բառի, ամեն վանկի վերաբերյալ, և վերջնական տարբերակը մեզ շատ է դուր եկել»։






