«Լևոնը մի փոքր խանդոտ է, որոշ բաներ արգելում է»․ էվելինա Ստեփանյան

Լևոն Մկրտչյանը հեռուստադիտողին հայտնի դարձավ «Վերջին զանգ» սերիալի Հենրիի կերպարով։ Դերասանը և նրա ընտրյալը՝ Էվելինա Ստեփանյանը, ամուսնացան այս տարվա ապրիլի 20-ին։ Զույգը հյուրընկալվել է «Առավոտ լուսո weekend»-ին և խոսել մասնագիտության, քննադատության, ոգեշնչման աղբյուրների և հայտնիության հետևանքների մասին։ Գրում է FastNews.am-ը:

Միմյանց կարծիքի կարևորությունը

Լևոն Մկրտչյան – Բոլոր հարցերի վերաբերյալ խորհրդակցում ենք։ Օրինակ, երբ ինձ առաջարկեցին գլխավոր հերոսի կերպար, զանգեցի Էվկային, ասաց՝ հիմա ոչինչ մի որոշիր, կգաս կքննարկենք կհասկանանք՝ որն է ճիշտ։ 

Էվելինա Ստեփանյան – Երբեմն Լևոնը արգելում է որոշ բաներ։ Մի փոքր խանդոտ է։ Թեպետ ես էլ պահպանողական եմ, գիտեմ իմ չափը։ Ավելի շատ շփվում ենք որպես ընկերներ, քան դերասան ամուսիններ։

Քննադատությունը

Լևոն Մկրտչյան – Ես շատ քիչ եմ քննադատում, իսկ Էվկան՝ շատ։ Դա պայմանավորված է նրանով, որ ես երկար ժամանակ այս մասնագիտությունում չեմ եղել, ինչ-ինչ բաներից հետ եմ մնացել։ Օրինակ, երբ տեսախցիկի առջև գերխաղ է ստացվում, Էվկան հուշում է, փորձում ենք միասին ուղղել։ Ես չեմ քննադատում, քանի որ հազվադեպ է լինում, երբ Էվկան սխալվում է իր մասնագիտությունում։ Ընդունում եմ նրա բոլոր քննադատությունները։ 

Էվելինա Ստեփանյան – Այս մասնագիտությունում շատ քիչ մարդիկ կան, որոնց վստահում եմ և նրանց կարծիքը հաշվի եմ առնում։

Հայտնիության հետևանքները

Լևոն Մկրտչյան – Առողջ քննադատությանը միշտ կողմ եմ։ Երկրպագուներին ևս շատ հանգիստ եմ վերաբերվում։ Փորձում եմ «քիթս չցցեմ» այդ փաստից։ 

Էվելինա Ստեփանյան – Եթե ունես հաստատված արժեհամակարգ, քեզ դժվար է փոխել։ Փորձում ենք անձնական տարածք չբերել այն մարդկանց, ովքեր ուղղակի որոշել են վատ մեկնաբանություն գրել։ Ընկերներս նույնիսկ ասում են՝ չես նեղվում, ինչպես ես հանդուրժում։ Պատասխանում եմ, որ այդ մարդկանց ես պարզապես չեմ նկատում։