Ամերիկյան HBO հեռուստաալիքը շարունակում է բացահայտել «Հարրի Փոթեր» ֆանտաստիկ ժանրի սերիալի նոր դերակատարներին, որոնք միացել են ապագա շոուի դերասանական կազմին: Այսպիսով, Մոլի Ուիզլիի՝ Ուիզլի ընտանիքի բարի, բայց խիստ մոր դերը կմարմնավորի Քեթրին Պարկինսոնը։ Դրակո Մալֆոյի դերը կխաղաղ Լոքս Փրեթը, իսկ նրա հոր՝ Լյուսիուսի դերը՝ Ջոնի Ֆլինը։
Դերասանական կազմում են նաև Լեո Էռլին՝ Շեյմուս Ֆինիգանի, Ալեսիա Լեոնին՝ Պարվատի Պատիլի, Սիեննա Մուսան՝ Լավանդեր Բրաունի, Բել Պովլին՝ Պետունիա մորաքրոջ, Դանիել Ռիգբին՝ Վերնոն քեռու, Բերտի Քարվելը՝ Կախարդանքի նախարար Կոռնելիուս Ֆաջի դերում:
Հիշեցնենք, որ գլխավոր դերակատարներին՝ մանկահասակ հրաշագործներ Հարրի Փոթերին, Ռոն Ուիզլիին և Հերմիոնա Գրենջերին, մարմնավորելու են շոտլանդացի Դոմինիկ ՄըքԼաֆլինը, Ալասթեր Սթաութը, Արաբելլա Սթանթոնը: Հայտնի է, որ դերընտրման գործընթացին մասնակցել է ավելի քան 30,000 երեխա:
Սերիալի նկարահանումները կմեկնարկեն այս ամառ: Գործադիր պրոդյուսերը Հարրի Փոթերի մասին գրքերի շարքի հեղինակ Ջոան Ռոուլինգն է: