67-ամյա Շերոն Սթոունը նկարահանվել է ջրի տակ՝ թափանցիկ բլուզով

Շերոն Սթոունը դարձել է շվեյցարական Schön! ամսագրի նոր համարի հերոսուհին։ Հատուկ հրատարակության համար «Հիմնական բնազդ» ֆիլմի 67-ամյա աստղը մասնակցել է անսովոր լուսանկարահանման, որը տեղի է ունեցել ջրի տակ։

Դերասանուհին թափանցիկ բլուզով և այլ հետաքրքրաշարժ կերպարներով հայտնվել է Միխայել Մյուլլերի օբյեկտիվի առջև, ով հայտնի է դարձել ոչ միայն նորաձևության նկարահանումներով, այլև շնաձկների լուսանկարներով, որոնց նկատմամբ նա շատ մեծ կիրք է տածում:

Հրապարակմանը տված հարցազրույցում Շերոնն ասել է, որ իր մարմնի հետ հարաբերությունները շատ կարևոր են իր համար. «Երբ լսում եմ, թե ինչպես են կանայք ասում, որ իրենք իրենց մարմնում չեն, ես ուզում եմ գոռալ։ Միայն նրանք, ովքեր երբեք չեն կորցրել իրենց մարմինը, կարող են դա ասել։ Մենք շատ կապված ենք մեր մարմնին, և շատ կարևոր է այն առողջ պահելը։ Երբ կորցնում ես այն և նորից գտնում, կյանքի դժվար դաս ես սովորում»։

Հիշեցնենք, որ 2001 թվականին Շերոնը կաթված և ուղեղային արյունազեղում է ստացել, որի հետևանքով նա կորցրել է մեկ աչքի տեսողությունը, մեկ ականջի լսողությունը և կարդալու և գրելու ունակությունը։ Դերասանուհին երկար ժամանակ ստիպված է եղել վերականգնվել։