«Վիտամին ակումբը» նույնիսկ իր բարձրակետում չի ապահովել ֆինանսական մեծ հոսք. Գարիկ Պապոյան

Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։

««Վիտամին ակումբում» ընդմիջմանը կարկանդակի գումար էինք հավաքում»

Երբ դարձա ուսանող, ունեինք ֆինանսական խնդիրներ։ Դրանք ինչ-որ չափով իմ՝ ուսանող դառնալու հետևանքն էին։ Այդ ժամանակ ուզում էի կիթառ, համակարգիչ և ստուդիայի այլ իրեր, որոնք բավական թանկ էին։ Ընկերներիցս մեկն ԱՄՆ-ում մի քանի ամիս աշխատել ու գումարով վերադարձել էր։ Որոշեցի ես էլ դիմեմ այդ քայլին։ Մտածում էի՝ ընտանեկան կարիքները կհոգամ, նաև իմ երազանքների սկիզբը կդնեմ։ Այդ խնդիրները մեծամասամբ լուծել եմ մի քանի տարի առաջ։

«Վիտամին ակումբը» նույնիսկ իր բարձրակետում չի ապահովել ֆինանսական մեծ հոսք։ Թիմը բաղկացած էր տասնյակ մարդկանցից։ 1 հաղորդման համար չկար այնպիսի հոնորար, որը բաժանեինք այդքան մարդու, և յուրաքանչյուրն իրեն զգար կայացած, հարուստ արտիստ, որ չուզեր այլ տեղ աշխատեր։ «Վիտամին ակումբի» ամենամաեծ արժեքը մեզ բացահայտելն էր, տրամպլին հանդիսանալն էր, որպեսզի մենք կարողանայինք այլ ոլորտներում ֆինանսապես շատ ավելի հաջողել։

Գարիկ Սոնա բենդից և այլ երաժշտական նախագծերից հետո միայն տեսա վերջին 10 տարվա աշխատանքիս արդյունքը։ Սկսեցի մարել այն ֆինանսական խնդիրները, որոնք առաջացել էին մեր ընտանիքում։ Դրանից հետո ֆինանսապես չեմ նեղվել։

«32 ատամն» ու «Վիտամին ակումբը» դարձան այդքան սիրված ու համահայկական քիչ ֆինանսի և շատ էնտուզիազմի շնորհիվ։ Ոչ ոքի համար այս նախագծերը չեն եղել հարստանալու միջոց, այլ սեփական շնորհքն ու տաղանդը ցուցադրելու հարթակ։ Հիմա, եթե բացենք ակումբ, ներգարվենք տաղանդավոր մարդկանց, ներդնենք մեծ գումար, չի լինի այն մթնոլորտը, որը կար մեզ մոտ։ «Վիտամին ակումբի» բարձրակետի տարիներին սցենարիտ էինք ուզում ընդունել։ Մի տղա եկավ, հարցեր էինք տալիս ու հասկացանք, որ ընդմիջման ժամն է։ Ոզում էինք գումար հավաքել կարկանդակի համար, բայց այնպես, որ այդ տղան չհասկանա՝ ինչ ենք անում։ Նա հասկացել էր՝ ինչ է կատարվում։ Գնաց, մի քանի րոպեից կարկանդակներով վերադարձավ։ Այդ «սովածության» պայմաններում մենք հագենում էինք գնահատականով։