Գարիկ Պապոյանը հյուրընկալվել է Մհեր Բաղդասարյանի «Tete A Tete» հաղորդմանը։ Երաժիշտը խոսել է «Եվրատեսիլից» հրաժարվելու, Գարիկ Սոնա բենդի, կնոջ, առողջական և ֆինանսական խնդիրների մասին։ «Fast News Culture»-ն առանձնացրել է հաղորդման ամենակարևոր դրվագները։
Ինչպես ստեղծվեց Գարիկ Սոնա բենդը
«Վիտամին ակումբում» Արամ MP3-ի հետ սկսեցինք ժանրային էքսպերիմենտներ անել։ Շատ շնորհակալ եմ Արամին, որ համաձայնեց ու առաջին երգերը երգեց ինձ հետ։ Զուգահեռ «Հայ սուպերսթարում» ժյուրիի անդամ էի։ Սոնան մասնակցում էր։ Ապշել էի, որ նման որակի երիտասարդ երգչուհի կա։ Սոնան հաղթեց այդ նախագծում ու ինձ մոտ դարձավ մի կերպար, ում հետ շատ էի ուզում աշխատել։ Զուգահեռ «Վիտամին ակումբում» ստեղծվեց երաժշտական այն վիճակը, որտեղ հասկացա, որ անլսելի երգերը կարող եմ դարձնել գոնե ինձ համար լսելի։ Սկզբում կինս՝ Մարիաննան էր երգում։ Երբ երգերը շատացան ու հասկացանք, որ ուզում ենք ավելի պրոֆեսիոնալ մակարդակում ելույթ ունենալ, եկավ Սոնայի՝ որպես փայլուն երգչուհի կերպարը։ Ես ու Մարիաննան հասկացանք, որ Սոնայից բացի այլ տարբերակ չկա։ Զանգեցինք Սոնային, հրավիրեցինք մեր տուն։ Սոնան շատ բարեհամբույր համաձայնեց, ուրախացավ, եկավ, լսեց ու սկսեց զուգահեռ երգել։ Այդ պահին հասկացա, որ սա դառնալու է այնպիսի նախագիծ, ինչպիսին իմ երաժշտական հիշողությունում չկա։ Չկար որևէ հաշվարկ, որ սա կլինի կոմերցիոն աշխատանք, որովհետև այդ ժամանակ հարսանիքներին կամ այլ առիթների նման երաժշտություն չէր հնչում։ Մենք պարզապես հասկացանք, որ ուզում ենք սա անել։ Հետո ընտրեցինք երաժիշտների։ Ուզում էի ընտրել այնպիսիններին, ովքեր չկան այլ նախագծերում և չունեն ձևավորված մոտեցում, որը դժվար է կոտրել կամ փոխել։ Ընտրեցինք երիտասարդների։ Այդ ժամանակ այնքան սկսնակ էի, որ կայացած երաժիշտների ամաչում էի առաջարկել միանալ մեզ։ Երիտասարդների հետ էսպերիմենտները բերեցին մի տեղ, որտեղ հիմա շատ պինդ կանգնած ենք։
Ես և Սոնան ունենք անհատական կարիերա, բայց երկուսս էլ անում ենք հնարավորը, որ բենդը չտուժի, չկորցնենք Գարիկ Սոնային։ Մեր բենդն ապագա ունի։ Եղել է, որ Սոնային կանչել են բենդի երգը միայնակ երգելու, հրաժարվել է։ Նա շատ ամուր կանգնած է այդ հողի վրա։ Ինձ հետ էլ այլ երգչուհի չի կարող բենդի երգ երգել, որովհետև մերը մերն է։
«Մի քանի անգամ մեզ առաջարկել են ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»»
Մի քանի անգամ մեզ առաջարկել են ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլում»։ Քննարկել ենք ու հասկացել՝ ոչ։ Չեմ կարող ասել ինչու, բայց հրաժարվել ենք։ Հետաքրքիրն այն է, որ այնպես չէ մենք չենք ուզում, բայց քննարկումների արդյունքում միշտ հանգել ենք «չէ»-ի։















