Fashion Forum-ի բացումը, համաշխարհային փորձագետները և հայ դիզայներների ներկայացրած հագուստները (27 Photo)

Ընդամենը մի քանի օր համաշխարհային ճանաչում ունեցող բլոգերները, նորաձևության բնագավառի ներկայացուցիչները, հեղինակավոր ամսագրերի խմբագրերը կլինեն Հայաստանում: Երևանում արդեն երկրորդ տարին է՝ անցկացվում է Fashion Forum-ը, որի նպատակն է խթանել հայաստանյան նորաձևության ոլորտի զարգացումն ու դառնալ յուրօրինակ հարթակ` միջազգային փորձագետների հետ գիտելիքի և փորձի փոխանակման, միջազգային փորձի ուսումնասիրման, ոլորտում գործընկերային կապերի ձեռքբերման և համագործակցության ցանցի ընդլայնման համար:

Միջոցառումը նաև դիզայներների և ոլորտի այլ ներկայացուցիչների համար եզակի հնարավորություն է Անգլիայից, Իտալիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Շվեյցարիայից ժամանած նորաձևության ոլորտի առաջատար մասնագետներին անձամբ հանդիպելու, նրանց հետ ոլորտին առնչվող հարցեր քննարկելու համար: Երեկ Աբովյան 3 հասցեում` «Որդան կարմիր» հայկական գորգերի թանգարանում, կայացավ ֆորումի պաշտոնական բացումը, որին ներկա էին արտերկրից ժամանակ հյուրերը, ովքեր հունիսի 26-ին և 27-ին «Թումո» կենտրոնում հանդես են գալու ելույթներով: Ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ով ներկայացել էր հայկական արտադրության հագուստով:

Ֆորումի հանդիսավոր բացմանը ներկայացված էր «Ժառանգություն» խորագրով ցուցադրությունը: Հայ դիզայներներին հանձնարարված էր ներկայացնել հատուկ հագուստներ՝ ոգեշնչված բացառապես հայկական մշակույթից: Յուրաքանչյուրն այդ խնդրին յուրովի էր մոտեցել, և սրահներում հնարավոր էր տեսնել նրանց աշխատանքները: Երկրորդ սրահում ներկայացված էին «Տերյան» մշակութային տան տարազները․ կազմակերպիչները կարևոր են համարում արտերկրից ժամանած փորձագետներին ներկայացնել և ցույց տալ, թե ինչպիսին է եղել հայկական նորաձևությունը և հիմա ինչպիսին է, ինչից են ոգեշնչվում հայ դիզայներներն իրենց հագուստները ստեղծելիս: Կոկտեյլներ, երաժշտություն, նորաձև մարդիկ և, իհարկե, նորաձևության մասին քննարկումներ․ այս ամենը միավորել էր հայ և օտարազգի մասնագետներին:

Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան Խաչատրյանը նշում է, որ միջոցառումն ուղղված է բարձրացնելու Հայաստանում նորաձևության ներկայացուցիչների որակավորումը թե՛ մասնագիտական և թե՛ բիզնեսի տեսակետից. «Արտերկրից հրավիրված մասնագետները տասներեքն են, ովքեր երկու օր «Թումո»-ում դասախոսություն են կարդալու և փորձի փոխանակում անելու դիզայներիների հետ: Հայաստանում, ընդհանուր առմամբ, ոլորտի զարգացման համար սա առաջին մասշտաբային միջոցառումն է, և հույս ունենք, որ կլինի շարունակական: Երկու տարի է՝ նախագիծը ֆինանսավորում է Եվրամիությունը։ Այս տարի մեզ աջակցում է նաև էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն»:

Վահանը նաև նշեց, որ հյուրերի մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում. «Մենք չենք ներկայացնում միայն նորաձևությունը, այլ փորձում ենք ներկայացնել ամբողջությամբ երկիրը՝ մշակույթով, տեսարժան վայրերով, սնունդով, տեսարժան վայրերով՝ այն ամենը, ինչը շատերի համար նորություն է, որովհետև Հայաստանն այդքան շատ գովազդված երկիր չէ»:

  

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Արգինե Մինասյանի
Աղբյուրը՝ Blognews.am