Ջենիֆեր Լոպեսի համերգին հատկացված 6 միլիոն դոլարից 2 միլիոնը փոխանցվել է պետբյուջե

Ջենիֆեր Լոպեսզի երևանյան համերգը կազմակերպած «Doping Space» ընկերության տնօրեն Հայկ Սիմոնյանը «ReOpen Media»-ին տված հարցազրույցում ներկայացրել է համերգի կազմակերպման մանրամասները։ Հայտնում է Fast News-ը:

«Կոմերցիոն տեսանկյունից սա Հայաստանում կայացած ամենամեծ համերգն է։ 10 տարի առաջ մենք մասնակիցների թվաքանակի տեսանկյունից ունեցել ենք «System of a Down»-ի համերգ, բայց կոմերցիոն տեսանկյունից համերգ, որը ունի այսպիսի ցուցանիշներ, իսկապես առաջինն էր։ Նմանատիպ միջոցառումների անցկացումը խոսում է մի քանի բանի մասին։ Առաջին՝ դու երկիր ես, որը կարող է հյուրընկալել մարդկանց և բացի համերգից, այլ բաներով ևս զբաղեցնել, որովհետև միայն համերգը բավական չէ, որ մարդը գնա որևէ երկիր, դրա համար պետք է ժամանց։ Երկրորդն այն է, որ երկիրը ունի ինտելեկտուալ ռեսուրս նման միջոցառում կազմակերպելու, որովհետև այսպիսի միջոցառումների ընթացքում չկա որևէ բիզնես կոմպոնենտ, որը չներառվի այս գործընթացում՝ սկսած բանակցային հմտություններից մինչև յուրաքանչյուր սանտիմետրի վերահսկողությունը։ Երրորդ՝ սա նաև խոսում է այն մասին, որ անվտանգ երկիր ենք, քանի որ այդ կարգի աստղերի համար անվտանգությունը թոփ առաջնահերթություններից է; Ջենիֆեր Լոպեսը, եթե չեմ սխալվում 98 հոգանոց թիմով էր ժամանել։ Նրանց պետք է ապացուցել, որ դու ոչ միայն արտաքին գործոններով ես անվտանգ, այլև ներքին։ Ներքինը շատ ավելի հեշտ է։ Ինչ վերաբերում է արտաքինին, հարց է առաջանում, քանի տարի պետք է անցնի առանց պատերազմի, որ մենք սկսենք մեզ ներկայացնել անվտանգ նաև այդ տեսանկյունից»,- նշել է Սիմոնյանը։

Նա խոսել է նաև ծախսված գումարի վերաբերյալ խոսակցություններին։ «Շատերը մանիպուլացնում են, թե այդ 6 միլիոն դոլարը տրվել է աստղին, բայց այդ 6 միլիոնից միայն 1-ն է ավելացված արժեքի հարկով վերադարձվել պետությանը։ Կան նաև այլ հարկային մուտքեր, օրինակ՝ աստղի հոնորարից 25 %-ը ոչ ռեզիդենտների շահութահարկ։ Այսինքն՝ եթե աստղի հոնորարը 2 մլն դոլար է, մոտ 500․000 դոլարը վերադարձվել է պետբյուջե։ Այսինքն` ամբողջ գումարից մոտ 1.6-2 միլիոն դոլարը ավտոմատ փոխանցվել է պետբյուջե։ Մնացած գումարը ներառում է աստղի հոնորարը և այլ կազմակերպչական ծախսեր», – նշել է «Doping Space» ընկերության տնօրենը։