Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Ալեքսանդր Ադաբաշյանին ծննդյան 80-ամյակի առթիվ՝ նշելով, որ հոբելյարի ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում:
«Հարգելի Ալեքսանդր Արտյոմովիչ, ընդունեք շնորհավորանքներս 80-ամյա հոբելյանի առթիվ: Դուք նվիրվել եք կինոարվեստին, ճանաչում եք ձեռք բերել դերասանական և ռեժիսորական ասպարեզում, վառ արտահայտվել եք որպես նշանավոր կինոդրամատուրգ և սցենարիստ։ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ աչքի են ընկնում մտահղացման ինքնատիպությամբ և իսկական վարպետի ճանաչելի ձեռագրով»,-ասված է հեռագրում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ադաբաշյանի մասնագիտական անվիճելի հաջողության հետևում ստեղծագործական աշխատանքի տարիներ են, մեծ տաղանդ և հավատ սեփական անձի և կոչման հանդեպ: Պուտինը նրան քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել։