Նորաձևության սիրահարները հաստատ տեղյակ կլինեն, որ օրերս Միլանում անցկացվում էր նորաձևության շաբաթ և արի ու տես, որ Հայաստանից ևս ներկայացուցիչներ եղել են։ «Նորաձևության և դիզայնի պալատ» հասարակական կազմակերպության աջակցությամբ մասնակցել են նաև հայ դիզայներներ, որոնց մեջ են եղել Արամ Նիկոլյանը, Ռուզաննա Վարդանյանը, Արևիկ Սիմոնյանը, Սոնա Հակոբյանը, Թերեզա Ղարաբաղցյանը, Դամիան Հովհաննիսյանը, Ինգա Մանուկյանը, «Սքոլաե Մունդի Հայաստան» բարեգործական հիմնադրամի սոցիալական ծրագրի՝ «Մեյդ» արհեստագործական հարթակի ներկայացուցիչներն իրենց հավաքածուներով։
ShowBiz.am-ը զրուցել է դիզայներ Արամ Նիկոլյանի հետ և հետաքրքիր մանրամասներ պարզել ցուցադրության ընթացքից, իր հավաքածուի գրանցած հաջողություններից ու ապագա պլաններից։
Արամ Նիկոլյանը մեծ հույսով նշեց, որ ապագայում ևս մեծ հնարավորություններ կան նմանատիպ մասշտաբային ցուցադրությունների մասնակցելու։ «Մեր ժամանակներում հետաքրքիր են մեզ նման փոքր պետությունները, որովհետև շատ շատերը ցանկանում են լյուքս ապրանքներից բացի վաճառել նաև ոչ հայտնի դիզայներների ստեղծագործությունները։ Ու մենք լինելով այդպիսի մի երկիր, բավականին մեծ շանսեր ունենք հայտնվելու տվյալ հարթակներում»,- նշում է դիզայները։
Արամ Նիկոլյանի խոսքերով, եթե նախկինում ավելի մեծ բրենդներին էին ուշադրություն դարձնում, ապա հիմա, երբ շատ դժվար է նոր ասելիք ունենալն ու հետաքրքիր լինելը, գտել են մի տարբերակ և մեր նման երկրների շնորհիվ փորձում են թարմ շունչ ու նորություն բերել նորաձևության ասպարեզ։
Ներկայացվող հավաքածուի ընտրությունն էլ է բավականին հետաքրքիր եղել։ Ի սկզբանե ստեղծման փուլում երկու հավաքածու է եղել, մեկը, որը ցուցադրվել է Միլանում, ստեղծվել է հենց իրենց խանութ-սրահի համար, որը շատ ժամանակակից, երիտասարդական հագուստ է իրենից ներկայացրել՝ չունենալով հատուկ ինչ-որ ուղղվածություն և ոգեշնչված է եղել ճապոնական մշակույթից՝ վերցնելով մինիմալիզմի տարրեր։ Իսկ մյուս հավաքածուն, որը տանն էր մնացել, ավելի հայկական շունչ է պարունակել։ Դիզայների խոսքերով՝ հետո Միլանում գտնվելով, հասկացել է, որ ավելի լավ կլիներ, եթե հայկական տարրերով հագուստը ներկայացվեր, սակայն այնպես չէ, որ մյուսը վատ արձագանքներ է ստացել։
Արամը հավելեց, որ ցուցադրությունը իրենց առջև մեծ հեռանկարներ է բացել։ «Ցանկացած մասնագետի համար շատ կարևոր է լինել այդ միջավայրում, եփվել նույն կաթսայում ու տիրապետել ինֆորմացիային, անգամ եթե չունենաս ոչ մի պատվեր, միևնույն է հարկավոր է զգալ ներսի աուրան, հասկանալ աշխարհում ինչ է կատարվում, դա արդեն իսկ բավականին մեծ հնարավորություններ է տալիս։ Սպասելիքներս, իհարկե, արդարացան։ Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչը միանգամից չի լինում, ինչ-որ ժամանակ է հարկավոր, որ դու դրա մի մասը դառնաս, պետք է ավելի հաճախ ներկա գտնվել նմանատիպ միջոցառումների, վստահություն ձեռք բերել, որի արդյունքում էլ կունենաս սպասված համագործակցությունները»,- մանրամասնում է Արամ Նիկոլյանը։
Արձագանքները բավականին դրական են եղել։ Հայ դիզայներներին անդրադարձել է անգամ իտալական «Marie Claire» ամսագիրը, որը մոտավորապես չորս էջ է նվիրել մեր ներկայացուցիչներին։ Ցուցադրությունը ինքնին նախատեսված է եղել նոր գործընկերներ ու ուղղություններ ձեռք բերելու համար։ Եվ Արամ Նիկոլյանը մի շարք առաջարկներ է ստացել։ Սոչիից արված առաջարկը բավականին հեռանկարային է եղել, դրա հետ զուգահեռ առաջարկներ են եղել նաև Իտալիայից ու Ֆրանսիայից։
Երբ խոսեցինք այն մասին, թե ինչպիսի հնարավորություններ ունեն մեր դիզայներները համաշխարհային շուկա դուրս գալու, Նիկոլյանը նշեց, որ դա բավականին ցավոտ ու բարդ խնդիր է։ «Մենք շատ վատ տարածաշրջանում ենք ապրում ու ունենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած տրանսպորտից, վերջացրած այն փաստով, որ մենք Շենգեն գոտու երկրների մեջ չենք մտնում։ Այս փաստը մեզ խանգարեց անգամ Միլանում, քանի որ շատ պատվիրատուներ հասկանալով, թե ինչ դժվարությունների առաջ են կանգնելու, ուղղակի չեղարկում էին պայմանավորվածությունները։ Մենք հիմա փորձում ենք այդ հարցին լուծում տալ, քանի որ դու չես կարող մրցակցել եվրոպացի դիզայների հետ, ով այս խնդիրները չունի և կապ չունի, թե դու ինչքան լավն ես, միևնույն է գումարը և հարմարավետությունը շատ հարցեր են լուծում»,- պատմեց դիզայները։
Արամ Նիկոլյանը անդրադարձավ նաև այն փաստին, որ մենք չունենք դիզայներական դպրոցներ, որտեղ կպատրաստվեն որակյալ մասնագետներ։ Նրա խոսքերով՝ դիզայները միայնակ ոչինչ չի կարող ստեղծել, քանի որ պետք են մյուս մասնագետներն էլ, ովքեր իր գաղափարները կյանքի կկոչեն։ Այսօր կա նրանց պահանջարկը, սակայն չկան համապատասխան մասնագետները, ինչն իրոք կարևոր խնդիր է, որն անհապաղ լուծումների է սպասում։
Դիզայների մասնագիտությունը բավականին հեռանկարային է։ Այսօր մեր դիզայներների հագուստները հանգիստ կարող են մրցակցել մի շարք համաշխարհային բրենդների հետ և նույնիսկ առավելության հասնել։ Հիմա շատ ենք տեսնում, որ հայտնի ու կայացած մարդիկ կրում են հայ դիզայներների հագուստները և նախընտրությունը տալիս տեղական արտադրանքին։ Ժամանակին ունենալով զարգացած թեթև արդյունաբերություն՝ հիմա ուղղակի սխալ կլինի այդ ամենից չօգտվելն ու նոր ուղիներ չհարթելը։ Մանավանդ որ դրա համար ստեղծվում են անհրաժեշտ միջոցներն ու փորձում աջակցություն ցույց տալ հեռանկարային դիզայներներին։
Հեղինակ՝ Լուս Ավագյան