Ռեփեր Lil Pump-ը լուրջ ավտովթարի է ենթարկվել

Lil Pump-ը գրեթե մահվան շեմին է եղել ավտովթարի պատճառով՝ իր ծննդյան օրվանից երեք օր առաջ։ Ռեփերի մեքենան շրջվել էր անձրևի և թաց ճանապարհի պատճառով՝ հայտնվելով ճանապարհի եզրին։ Արտիստը դեպքի մասին կիսվել է իր սոցիալական ցանցերում։

24-ամյա Pump-ը կարողացել է մեքենայի պատուհանը կոտրել և ինքնուրույն դուրս գալ դրանից։ Նա զգուշացրել է բաժանորդներին, որ անձրևոտ եղանակին չպետք է նստեն ղեկին։ Lil Pump-ը նաև ասել է, որ պատրաստվում է ծննդյան օրը նշել եկեղեցում՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու համար. «Մի քանի օր առաջ գրեթե կյանքս կորցրի։ Աստված իրական է։ Մի՛ վարեք անձրևի տակ։ Առողջությունը հարստություն է։ Ես ստիպված էի պատուհանը ջարդել՝ դուրս գալու համար։ Հակառակ դեպքում ես կմահանայի։ Ծննդյանս օրը ես եկեղեցի եմ գնալու՝ Աստծուն շնորհակալություն հայտնելու բոլոր օրհնությունների համար»։

Սա առաջին դեպքը չէ, որ արտիստը հայտնվել է նմանատիպ իրավիճակում։ Ռեփերին նախկինում դատի էր տվել Կալիֆոռնիայի մի բնակիչ, որը պնդում էր, որ ինքը լուրջ վթարի է ենթարկվել 2006 թվականի Bentley-ով, որի մեջ եղել են Lil Pump-ը, նրա մենեջերը և մի քանի այլ անձինք։