Հոկտեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալու էր Սոնայի, Արա Մարտիրոսյանի, Սոֆի Մխեյանի և Սոնա Ռուբենյանի համատեղ համերգը, սակայն պարզվում է՝ ինչ-ինչ պատճառներով համերգը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Նազենի Հովհաննիսյանը, ով համերգին որպես հաղորդավարուհի ևս ներկա էր գտնվելու և մանրամասնել ձախողման պատճառները։
«Հարգելի հանդիսատես, ցավով եմ նշում, որ չեղարկվեց Աքուա Կալիենտեի` հոկտեմբերի 5-ին նախատեսված մեր համերգը:
Կազմակերպող կողմի տարբեր տեխնիկական հարցերի, ուշացումների, նաև մեզ համար տրված միջնորդագրի գործընթացի ձգձգումը` ԱՄՆ ներգաղթի ու քաղ. ծառայության կողմից (Փ3 վիզայի մասին է խոսքը) ուշացումը միակ պատճառն է համերգը չեղարկելու: Մենք սիրով ու անհամբերությամբ սպասում էինք հանդիպմանը…, բայց եղավ` ինչ եղավ։
Պետք է հետայսու լինել տասնապատիկ ուշադիր ու համերգների օրն ու արտիստի մասնակցությունը հայտարարել միայն վիզաների ու թղթաբանական, կազմակերպչական բոլոր հարցերը հաստատ լուծելուց հետո: Սա ի գիտություն մեզ` դաս էր:
Ներողություն եմ խնդրում այն բոլոր մարդկանցից, որոնք հատ առ հատ գրում, սպասում ու արդեն ձեռք էին բերել տոմսերը:
Հատուկ շնորհակալություն Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը` իրենց իրավասությունների մեջ մարդկայնորեն մեզ աջակցելու ու հասկանալու համար:
Համերգին պատրաստվել էինք մեծ ոգևորությամբ, բազմաթիվ մարդկանցից ստացել նամակներ` սպասումով լի ու արդեն իրենց այդ օրերը պլանավորած։ Հուսով եմ, որ մի օր կկարողանանք առանց այսօրինակ խնդիրների` Սոնա Ռուբենյանը, Սոնան` Մոսկվայից, Արա Մարտիրոսյանը, Սոֆի Մխեյանն ու ես, ներկայացնել հատուկ ձեզ համար ստեղծած այս գեղեցիկ ու տարբերվող ծրագիրը»,- գրել է Նազենի Հովհաննիսյանը: