«Մոր խոստումը» հեռուստասերիալի նկարահանող խումբն օրերս է վերադարձել Բաթումիից, որտեղ համատեղել են հանգիստն ու ծովային տեսարանների նկարահանումները:
«Ստեղծագործական թիմը 6 օրով էր մեկնել Վրաստան, 3 օր նկարահանվել են, 3 օր հանգստացել: Սա այն թիմն է, որն իսկապես արժանի է հանգստի, որովհետև մի քանի ամիս է՝ եթերում են և ի պատիվ իրենց՝ առաջատարի դիրքերում,- ասաց Ելենան ու հավելեց, որ նախագծում բավականին լավ թիմ է հավաքվել: -Ես շատ եմ կարևորում նկարահանող խմբի, դերասանների միջանձնային հարաբերությունները: Շատ ուրախ եմ, որ «Մոր խոստումը» նախագծում բոլորն իրար հետ ընկերություն են անում և բավականին լավ հարաբերություններ ունեն»:
Ելենան պատմեց, որ Վրաստանի նկարահանումները բարդ են եղել․ «Տեսարաններ են եղել ծովում, որոնք միանգամից ու հեշտությամբ չեն ստացվել, բայց թիմը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը և բավականին լավ արդյունքով վերադառնալ»:
Բացի ստեղծագործական բարդությունները, նկարահանող անձնակազմի համար խնդիրներ են ստեղծել նաև տեղի ադրբեջանցիները:
«Բաթումիում բավականին շատ են ադրբեջանցիները: Նրանց դուր չի եկել, որ հայերը նկարահանումներ են իրականացնում այնտեղ և կոնֆլիկտ են հրահրել, թե ինչու հայերն այնքան արտնություններ ունեն, որ կարող են նկարահանումներ իրականացնել Բաթումիում: Նրանք վեճի են բռնվել նկարահանող խմբի հետ, ընդհուպ, դանակ են հանել, բայց, բարեբախտաբար, կոնֆլիկտը լուծվել է առանց հետևանքների: Իրականում, արտերկրում նկարահանումներն այդքան էլ հեշտ չեն, անգամ, եթե ունենք բոլոր օրինական թույլտվությունները»,- ասաց Ելենան:
Աղբյուրը՝ Life.tert.am