Յուրօրինակ և անկրկնելի․ կայացավ «Սառցաբեկորների երաժշտություն» համերգը

Հոկտեմբերի 4-ին «Synthposium International Festival of Inventive Music & Music Inventions» երաժշտական փառատոնի շրջանակում կայացավ «Սառցաբեկորների երաժշտությունը» համերգը։
«Սառցաբեկորների երաժշտություն» նախագծի շրջանակում միասին ստեղծագործել են արվեստագետներ Ռոբերտ Լիպոկը, Լիլլևանը, ովքեր Բեռլինից են, Անուշկա Չկեիձեն և Էտո Գելաշվիլին՝ Վրաստանից և մեր հայրենակից Հայկ Կարոյի Կարապետյանը: Երաժիշտները ոգեշնչվել են Կենտրոնական Ասիայի հալչող սառցաբեկորների ձայներից ու պատկերներից:
Նախագիծը խթանում է արվեստի և գիտության փոխազդեցությունը և ուշադրություն հրավիրում մարդկության կողմից բնությանը հասցրած վնասների ծավալին:
Նախագծի ստեղծման միտքը ծնվել է դեռ 2011 թվականին և իրականացվել Ալմաթիում ու Տաշքենդում՝ Գյոթե
ի ինտիտուտի նախաձեռնությամբ:


«Synthposium» երաժշտական փառատոնի գաղափարը ժամանակակից երաժշտության և մշակույթի միջոցով խորհրդային և հետխորհրդային Հայաստանի ուրվական-տարածքներում նոր փորձ ստեղծելն է և աշխարհի տարբեր երկրները ներկայացնող երաժիշտների, նկարիչների ու այլ գործիչների միջոցով՝ հին գործարաններից մինչև լքված մշակույթի տները կյանքի կոչելը․ ու հենց այդ միտումով էլ համերգը տեղի ունեցավ Կոմպոզիտորների միության համերգասրահում։

«Կոմպոզիտորների տանը նախկին փայլից ու աշխուժությունից ոչինչ չէր մնացել: Շուրջս անցյալի հիասքանչ հիշողություններով ապրող, բայց խամրած ապագային պատրաստ սև ու հնացած պատերն ու հատակն են։ Ճիշտ է ստեղծագործական այս տունը մեկ է հոգածության կարիք ունի, սակայն այսօր մտնելով այստեղ ու տեսնելով հյուրերին, բեմում երաժիշտներին, զգալով այն կախարդական աուրան, որը ստեղծել ենք ես, դու և հանդիսատեսը, հասկացա, որ երիտասարդությունն ունակ է հնի լավն ու բարին վերակենդանացնելու և «Synthposium» երաժշտական փառատոնն օգնում է քեզ դառնալ արվեստի մի մասնիկ»,- կիսվում է Բեռլինից Հայստան ժամանած 84-ամյա դաշնակահարուհի, ազգությամբ հայ Զաբելը, ով անգամ ներկա է գտնվել «Սառցաբեկորների երաժշտությունը» համերգի անխտիր բոլոր փորձերին,- «պետք է գողանալ արվեստը վայելելու ամեն րոպեն, դա գիտե՞ս ինչ մեծ հարստություն է»։

«Սառցաբեկորների երաժշտությունը» նման չէ մինչ այսօր ձեր լսած ոչ մի կատարման, ոչ մի մեղեդու։ Խոսելով համերգին հյուրընկալված ազգագրագետ Լիլիթ Խաչատրյանի հետ կարելի է փոքր-ինչ պատկերացում կազմել այս երաժշտատեսակի յուրօրինակության մասին․
«Հին ժամանակներում՝ դեռ մեր թվարկությունից առաջ, մարդիկ երաժշտություն կարողանում էին ստանալ հենց այսպես․ քարերի թխկոցի, ճյուղերի շրշյունի միջոցով․ սա է բնության ձայնը, սա է այն կենսականը, որը մեր օրգանիզմը չի կարող չընդունել։ Միանշանակ, ընտրելով նման երաժշտություն, արտիսը հաղթում է, որովհետև այն հարազատ է բոլորին, առանց բացառության՝ անկախ ճաշակից, սեռից, տարիքից»։

Տեսանյությում Ռոբերտ Լիպպոկն է, ով կատարում է վերջին փորձը  համերգից առաջ Կոմպոզիտորների միության համերգասրահում։


Մեզ հաջողվեց նաև զրուցել մեր հայրենակից Հայկ Կարոյի Կարապետյանի հետ, ով պատմեց իր յուրօրինակ արվեսսի մասին․ «
Երաժշտությունը գալիս է մարդու հոգևոր աշխարհից ու ինչ-որ տեղ իր ներսի արտացոլանքն է։ Ինքն իրեն է ստացվում իմ երաժշտությունը, ես պարզապես փոխանցում եմ մարդկանց։
Ուրախ եմ, որ մարդիկ հիանում կամ ապրում են այն երաժշտությամբ, որն իմ միջոցով է գալիս այս աշխարհ․ դա ինձ ուժ է տալիս ավելի մեծ գործեր անելու համար»։

Արդեն համաշխարհային ճանաչում ունեցող մեր հայրենակիցն, ով ելույթ է ունեցել տարբեր երկներում նշեց, որ չի փնտրում փառք ու հայտնիություն, այլ պարզապես նվիրված է երաժշտությանն ու ապրում է դրանով․ «Ես երբեք չեմ համարել ինձ շոու-բիզնեսի ներկայացուցիչ ու չեմ էլ լինի։ Գուցե ժամանակը գա, և ես շատ բան փոխեմ հենց նույն շոու-բիզնեսում, բայց կարծում եմ, որ այն քաղաքականության պես մի բան է՝ չկա ոչ մի գրամ անկեղծություն»։

Ռոբերտ Լիպոկի, Լիլլևանի, Անուշկա Չկեիձեի, Էտո Գելաշվիլիի ևՀայկ Կարոյի Կարապետյանի համագործակցությունը շարունակվելու է։
Այժմ նախագիծը հասել է Վրաստան և Հայաստան, համերգներ կլինեն նաև Թբիլիսիում և Քութայիսում:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան