«Ռաունդ»-ի համար A.Chilla-ն 6 ամիս բռնցքամարտ է պարապել, իսկ Դավիթ Աղաջանյանը նիհարել է 33 կգ-ով

Ռեփեր, 3.33 խմբի անդամ A.Chilla-ն (Նարեկ Հովսեփյան) 6 ամիս հաճախել է բռնցքամարտի պարապմունքների՝ Կինոդարանի նոր սերիալում գլխավոր կերպարին մարմնավորելու համար: Հայտնում է BRAVO.am-ը:

Սթրիմինգային հարթակի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև, որ նախագծում ներգրավված դերասաններից Դավիթ Աղաջանյանն էլ իր կերպարի համար նիհարել է 33 կգ-ով:

Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է. սերիալի ցուցադրությունը կմեկնարկի նոյեմբերի 12-ին:

Նշվում է, որ նախագիծն առանձնանում է իր մասշտաբով. նկարահանումները տեղի են ունեցել 150-ից ավելի վայրերում՝ 200-ից ավելի դերասանի մասնակցությամբ։

«Ռաունդ»-ի սյուժեն կառուցված է բռնցքամարտիկի կյանքի շուրջ, ով չկատարած հանցագործության համար 15 տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս և փորձում վերականգնել արդարությունը։ 

«Սերիալն ուսումնասիրում է մարդու կամքի ուժը, արդարության փնտրտուքը, հայր և որդի հարաբերությունների բարդությունը և սպորտի դերը՝ որպես վերականգնման և կյանքի իմաստի աղբյուր», – ասվում է հաղորդագրությունում: