WCIT-2019. Արմին Վան Բյուրենը «պայթեցրեց» Հանրապետության հրապարակը

Երեկ տրվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ համաժողովի (WCIT-2019) մեկնարկը, որն ազդարարվեց Երևանի Հանրապետության հրապարակում ՝ շքեղ համերգային ծրագրով։ Հրապարակը լեփ լեցուն էր հանդիսատեսով․ հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ և Հայաստան ժամանած հյուրեր։

Նվագախմբի 30 հայ և նախորդ տարիներին «WCIT» համաժողովները հյուրընկալած երկներից ժամանած 70 երաժիշտները համերգն սկսեցին՝ նվագելով արհեստական բանականության օգնությամբ գրված ստեղծագործություններ՝ ջութակահար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի դիրիժորությամբ։
Սա պատմության մեջ բացառիկ դեպք էր․ արհեստական բանականությունը վերջապես կարողացավ անցնել անհնարի սահմանները՝ ոտք դնելով արվեստի ու մշակույթի բնագավառ:

Առաջին երգը բացառիկ էր իր տեսակի մեջ․այն 15 երկրների հիմների հիման վրա արհեստական բանականության ստեղծած սեփական ստեղծագործությունն էր, որը կարելի է համարել նորագույն տեխնոլոգիաների հիմնը։
Դրան հաջորդեց նվագախմբի ներկայացրած 15 երկրների երաժշտական պոպուրին, որի ամբողջ ընթացքում ցուցադրվում էին այդ երկրները խորհրդանշող պրոյեկցիոն տեսարանները Հանրապետության հրապարակի շենքերի վրա։ Աննախադեպ լուսային, ձայնային և վիզուալ էֆեկտները ամբողջացնում էին այս ողջ պատկերը՝ հիացնելով հրապարակում ներկա հազարավոր հանդիսատեսին:

Սակայն բազմամարդ հրապարակը պայթեց սրտաբուխ ու հոտնկայս ծափողջյուններից, երբ հայտարարեցին տրանս երաժշտության առաջատար DJ և պրոդյուսեր, հանրահայտ Արմին վան Բյուրենի անունը։ Հրապարակն այնպես էր «ճոճվում», որ նույնիսկ նրանք, ում էլեկտրոնային երաժշտությունն առհասարակ հոգեհարազատ չէ, դարձել էին այդ մեծ գործողության մի մասը։
Արմին վան Բյուրենի երաժշտության էլեմենտներն ու բիթերը քաղաքի կենտրոնը լցրել էին հզոր էներգետիկայով՝ տեղափոխելով հանդիսատեսին մեկ այլ իրականություն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-ը, Հայաստան բերելը հայկական տեխնոլոգիական հանրության երազանքն է եղել: Հայաստանը հյուրընկալեց իր ծավալներով, ներկայացուցչականությամբ, վարկանիշով շատ հավակնոտ ու մասշտաբային միջոցառումը․ երևանյան համաժողովն ունի ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից:
Միջոցառումն իր ծավալներով Հայաստանում նախադեպը չի ունեցել։ Այդ իրադարձությունը Հայաստանի տեխնոլոգիական հանրության համար ևս մեկ կարևոր ուղերձ էր և մեծ պատիվ:

«Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»-ը լինելու է WCIT-2019 համաշխարհային համաժողովի գլխավոր թեման, որի ընթացքում քննարկվելու են՝ ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները ազդում մեր կենսակերպի վրա, դրակա՞ն է դրանց ազդեցությունը, թե բացասական։ Քննարկվելու են նաև տեխնոլոգիաների ազդեցությունն այնպիսի գաղափարների վրա, ինչպիսիք են՝ ժողովրդավարությունը, մարդասիրությունը և համամարդկային անվտանգությունը։
Այսօր «WCIT 2019»-ի համաժողովի բացմանը ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ողջունեց բոլոր հյուրերին՝ ասելով, որ Հայաստանի համար մեծ պատիվ է և հաճույք այսպիսի համաժողով հյուրընկալելը, և սա լավ առիթ է միջազգային հանրության հետ խոսելու Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու մասին: Իր ելույթում «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանն ասաց, որ առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոն:
Հյուրերի շարքում են  «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը, «Pixar» ընկերության փոխնախագահ Քեթրին Սարաֆյանը, «Ericsson» ընկերության Եվրոպայի և Լատինական Ամերիկայի գծով տեխնիկական տնօրեն Խավիեր Գարսիա Գոմեսը, «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը, «Better Off: Flipping the Switch on Technology» գրքի հեղինակ, տեխնոսկեպտիկ Էրիկ Բրենդեն և ուրիշներ:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան