Պոլսահայ երգչուհի Սիպիլը ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Հասմիկ Հախվերդյանն է։, ում խոսքով սա 2020-ից հետո իր հեղինակած երկու երգերից մեկն է` նվիրված այն բոլոր ջերմ ու հավերժ սերերին, որոնց միջև կա անմատչելի տարածություն։
«Այդ սերերը ոչ թե կյանք-ակնթարթի, այլ հավերժի համար են… Իսկ հավերժությունը փնտրում են վերևում, ինչպես երգում է ասվում՝ արևի մոտ»,- նշել է երգի հեղինակը։
Տեսահոլովակում նկարահանվել է ամերիկահայ ճանաչված դերասան, «ԷՄՄԻ»-ի մրցանակակիր Մայքլ Ա. Գյուրջյանը, որը նաև տեսահոլովակի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է։
«Անսահման հաճելի էր աշխատել Սիպիլի հետ։ Մենք միասին ստեղծեցինք մի գործ, որը հուզիչ և նոստալգիկ է, բայց միաժամանակ՝ պարզ ու մարդկային»,- խոստովանել է նա։
Երաժշտությունը գործիքավորել է Վահան Նահապետյանը, հնչյունային ռեժիսորն է Հմայակ Ռոստոմյանը։















