«Փարավոնի ժառանգը». նոր ռեալիթի շոու՝ Արմենիա TV-ի եթերում

Նոյեմբերի 15-ից Արմենիա հեռուստաընկերության եթերում հեռուստադիտողը հետևում է Հրաչ Քեշիշյանի նոր ռեալիթի շոուին՝ «Փարովոնի ժառանգ»-ը: Գրում է Tert.am-ը:

«Մեր 10 մասնակիցներն առաջին թողարկման ընթացքում տարբեր հանելուկների ու քուեսթների միջոցով պետք է գտնեն իրենց տոտեմը և տուփը: Այդ պահին պարզ կլինի, թե ով է Փարավոնի ժառանգը»,- նշել է Հրաչ Քեշիշյանը:

Շոուի մասնակիցներից շատերը նոր անուններ են հեռուստադիտողի համար, իսկ 4-ը հայտնի են սոցիալական հարթակներից՝ Աշոտ Պետրոսյան, Արթուր Ամիրաղյան, Գուրգեն Ասատրյան, Իլոնա Նուրբեկյան, Լիանա Ասլանյան, Սոֆի Բախտամյան, Ռիպա Շահբազյան, Ռաֆ Հարությունյան, Պապին Ղարիբյան և Էլեն Շահինյան:

«Անսահման հետաքրքիր է, որովհետև հիմքը դրված է ինտելեկտուալ վերլուծությունների, մարդկային տարաբնույթ տեսակների, խորամանկությունների ու ամեն մանրուքին ուշադրություն դարձնելու վրա»,- նշել է երգիչ, դերասան Ռաֆ Հարությունյանը:

Դերասանուհի, բլոգեր Իլոնա Նուրբեկյանն էլ ընդգծել է, որ «Փարավոնի ժառանգ»-ը ամենահետաքրքիր նախագիծն է թե՛ մասնակիցների, թե՛ հեռուստադիտողի համար. «Համոզված եմ շատ է սիրվելու: Բարդություններ իրականում շատ կան, դու երբեք չգիտես հաջորդ քայլը: Իմ կարծիքով՝ այս նախագծում պետք է լինել խորամանկ»:

Մասնակիցների համար օրը սկսվում է փորձություններով ու այն ամփոփվում դատաստանի սեղանի շուրջ, որտեղ բացահայտում են իրենց կասկածներն ու իրականացնում փակ քվեարկությունը: Ամենաշատ ձայներ ստացած մասնակիցը լքում է նախագիծը:

Հաղորդումը վարում է դերասան Ներսես Ավետիսյանը: Հաղթողին սպասվում է ոչ միայն փարովոնի խորհրդավոր գանձը, այլև՝ 3 միլիոն դրամ:

«Ամենահետաքրքիր ու ինտրիգային ռեալիթի նախագծերից մեկն է»,- վստահ է Ներսես Ավետիսյանը:

Նախագծի եզրափակիչ փուլը նախատեսվում  է դեկտեմբերի 31-ին: