Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր «Արարատ-73»-ի մասին պատմող «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա հունվարի 29-ին: Այդ մասին հայտնել է գլխավոր պրոդյուսեր ու սցենարի համահեղինակ Վալերի Սահարյանը: Գրում է BRAVO.am-ը:
«Երկար ճանապարհից, նկարահանումներից, անհանգստություններից ու սպասումներից հետո «Ոսկե դուբլ»-ը վերջապես մեծ էկրաններ կբարձրանա: Հունվարի 29-ին այն կլինի երկրի բոլոր կինոթատրոններում: Այս նախագիծն ավելին է, քան պարզապես ֆիլմ։ Այն «Արարատ-73»-ի ու այն մարդկանց պատմությունն է, ովքեր հավատացին, պայքարեցին եւ հաղթեցին։ Ֆիլմն այն մասին է, թե ինչպես մեծ սպորտը տաք, ազնիվ ու իսկապես մարդկային սիրտ ունի։ Պատմություն է այն երկրի մասին, որտեղ ապրել ենք մենք, մեր ծնողներն ու մեր չեմպիոնները: Անկեղծորեն հավատում եմ, որ կզգաք այն ամենը, ինչ դրել ենք այս աշխատանքի մեջ՝ զգացմունքներ, հիշողություն, սեր եւ հարգանք անցյալի նկատմամբ»,- սոցկայքերում գրել է նա։
1972 թվականի Մյունխենի Օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի նկատմամբ ԽՍՀՄ-ի բասկետբոլի հավաքականի անհավանական հաղթանակի մասին պատմող «Դեպի վերև»-ը դիտելուց հետո է Վալերի Սահարյանը մտահղացել ֆիլմ նկարահանել «Արարատ-73»-ի մասին՝ անդրադառնալով Նիկիտա Սիմոնյանի ու իր տղաների կերտած փառահեղ նվաճմանը: Ֆիլմի ռեժիսորը Մհեր Մկրտչյանն է:




















